Երեխաների մոտ ճիշտ հնչարտաբերության դաստիարակումը իրականացվում է  հոգեբանամանկավարժական մոտեցմամբ: Հոգեբանամանկավարժական մոտեցումը իրենից ենթադրում է երեխայի խոսքային գործունեության և հոգեկան այլ կողմերի փոխազդեցությունը: Հնչարտաբերության խանգարումը կարող է պայմանավորված լինել տարբեր պաթոգեն գործոններով, ունենա դրսևորման տարբեր աստիճաններ: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է գտնել խոսքային խանգարումների շտկման առավել արդյունավետ ուղիներ:

Հետազոտությունների արդյունքում հայտնի է դարձել, որ խոսքային խանգարում ունեցող երեխաների մոտ ոչ լիարժեք է ձևավորված դիմախաղի, զգայական, շարժողական, հուզական, ձայնային, հոգեկան ֆունկցիաները: Անհրաժեշտ է իրականացնել երեխայի համակողմանի զարգացում` խոսքի զարգացում և շտկում, հուզական վիճակի ներդաշնակեցում:

Գույներով աշխատանքը զարգացնում և շտկում է հուզակամային պրոցեսները:

Ծանոթանալով գույներին` երեխաներն ավելի ամբողջական և նուրբ են ընկալում շրջապատող աշխարհի առարկաներն ու երևույթները, զարգանում է դիտողականությունը, մտածողությունը, խոսքը:

Հնում գույներին տվել են խորհրդավոր նշանակություն. այն մարդու վրա ունի դրական կամ բացասական ազդեցություն, քանի որ  տեսողությունը համարվում է մարդու համար ամենակարևոր զգայարանը:

Գիտնականներն առանձնացրել են գույնի ֆիզիոլոգիական և հոգեբանական ազդեցությունը մարդու վրա: Հայտնի ռուս նևրոպաթոլոգ Վ.Մ. Բախտերեվը ուսումնասիրել է,  թե ինչպես է գունային զգացողությունը ազդում հոգեկան պրոցեսների արագության վրա:

Փորձերը ցույց են տվել, որ կարմիր գույնը և նրա երանգները ակտիվացնում են շարժումները, դեղինը`ուրախության և հանգստության գույնն է, այն նեգատիվ վարքն առավել պասիվացնում է, և այլն:

Շատ հաճախ խոսքային խնդիրը հանդես է գալիս կայուն կերպով և հաճախ զուգակցվում է հոգեկան գործունեության տարբեր խանգարումներով:

Լոգոպեդական անհատական պարապմունքների ժամանակ գույնն օգտագործվում է ավտոմատիզացման փուլում, որը պարապմունքը վեր է ածում ստեղծագործական, հաճելի պրոցեսի: Երեխաներն իրենց ձեռքն են վերցնում որոշակի գույնի առարկաներ և խաղալիքներ, կատարում տարբեր գործողություններ, ստեղծում իրավիճակներ: Այսպիսով, անհրաժեշտ հնչյունը կրկնվում է բազմաթիվ անգամ, իսկ երեխաները մեծ բավականություն են ստանում գույնի հետ աշխատելիս: Բայց, ինչպես գիտենք, ավտոմատիզացման փուլն աշխատանքի առավել ուշ փուլն է, երբ երեխան արդեն հստակ արտաբերում է դրված հնչյունը բառերում / տարբեր դիրքերում/:

Գույները շատ լավ օգտագործվում են հնչյունի տարբերակման փուլում: Օրինակ` կանաչ գույնը: Կարելի է սկզբում երեխաներին առաջարկել գտնել կանաչ առարկաներից նրանք, որոնք ևս պարունակում են «կ > / կանաչ կոշիկ, կանաչ կաղամբ/, իսկ հետո այն առարկաները, որոնք պարունակում են «տ « / կանաչ տերև, կանաչ տուն/:

Շտկողական աշխատանքների ժամանակ մանկավարժ-հոգեբանը երեխաներին շրջապատում է հնարավորինս շատ գույներով, ինչն օգնում է գտնել իրենց համար առավել շատ սիրելի կամ ոչ սիրելի գույները, ընդարձակել գունային գամմայի ընկալումը:

Գույների հետ աշխատելիս երեխաները սովորում են լիցքաթափվել, ինչն օգնում է վերացնել անհանգստությունը, գրգռվածությունը, վերականգնում է ուժերն ու առողջությունը, ավելացնում է էներգիայի պաշարը և արթնացնում ստեղծագործական պոտենցիալը: