Изображение

Դեռևս Հին Հունաստանում և այլ երկրներում էր հայտնի, որ երաժշտւթյունը կարող է փոխել մարդու հոգեկան և ֆիզիկական վիճակը: Երաժշտության միջոցով կարելի է հանել զայրույթն ու վիրավորանքը, բարձրացնել տրամադրությունը: Ի.Ռ. Թարխանովն իր ուսումնասիրություններով ցույց տվեց մարդկանց ուրախություն պարգևող երաժշտության դրական ազդեցությունը օրգանիզմի վրա: Այն կարող է դանդաղեցնել անոթազարկը, մեծացնել սրտի կծկումների ուժը, նպաստել անոթների լայնացմանը, կարգավորել զարկերակային ճնշումը, արյան շրջանառությունը, խթանել մարսողությունը, կարգավորել նյութափոխանակությունը, բացել ախորժակը:Երաժշտության միջոցով հեշտանում է մարդկանց հաղորդակցումը միմյանց հետ: Բժիշկները պարզել են, որ երաժշտության հետևանքով առաջացած դրական հույզերը ուժեղացնում են հիշողությունը, դրդում կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը:

 Գիտնականները նկատել են երաժշտության ընտրողական ազդեցությունը՝  կախված կատարվող ստեղծագործության բնույթից և գործիքից: Այսպես, օրինակ, կլարնետն ազդում է արյան շրջանառության վրա, ջութակն ու դաշնամուրը հանգստացնում են նյարդային համակարգը, ֆլեյտան ունի թուլացնող ազդեցություն: Երաժշտության ամենամեծ ազդեցությունը նյարդահոգեկան հիվանդությունների կանխարգելումն ու բուժումն է: Այն կարող է խաղաղեցնել, հանգստացնել և ակտիվացնել, թեթևացնել թախիծն ու ուրախություն հաղորդել, նվազեցնել ագրեսիվությունը, քնեցնել և այլն: Երաժշտության բազմանշանակության մասին խոսելով՝ Ս. Մամուլովը վկայում է, որ այն որոշ մարդկանց մոտ ավելի մեծ ներգործություն է թողնում, քան խոսքը: Այժմ էլ այնպիսի զարգացած երկրներում, ինչպիսիք են՝ Ճապոնիան, Գերմանիան, Դանիան, Շվեյցարիան և այլն, երաժշտական թերապիան իր արժանի տեղն է գրավում: Մյունխենի համալսարանի կլինիկայի բժիշկները երաժշտական թերապիայի միջոցով բուժում են մանկական ուղեղային կաթվածը: Ճապոնիայում այս թերապիան կիրառվում է արդյունաբերության մեջ, ուսումնական հաստատություններում՝ մարդկանց  ֆիզիկական և հոգեկան վիճակը կայունացնելու նպատակով:

Երաժշտությունը կարող է ինչպես ակտիվացնել, այնպես էլ հանգստացնել գերլարված վիճակը: Գիտականորեն ապացուցված է, որ ձայների լրիվ բացակայությունը բացասաբար է անդրադառնում մարդկանց հոգեկան աշխարհի վրա:

Երաժշտական թերապիայի կիրառումն ունի հետևյալ նպատակները.

  1. Վերականգնման համար ստեղծում է  դրական հուզական ֆոն:
  2. Խթանում է շարժողական ֆունկցիաները:
  3. Շտկում և զարգացնում է զգայական ֆունկցիաներն ու հնարավորությունները:
  4. Խթանում է խոսքային ֆունկցիան:
  5. Կարգավորում է խոսքի տեմպը, ռիթմը, շեշտադրությունը,  տեմբրը, արտահայտչականությունը:

Լոգոպեդական աշխատանքում երաժշտական թերապիան զարգացնում է երեխաների տեմպի, ռիթմի, ժամանակի զգացողությունը, մտածողության միջոցները, երևակայությունը, խոսքային և ոչ խոսքային հմտությունները, դաստիարակում է կամային որակներ, հույզերը զսպելու և դիմադրելու կարողություն, զարգացնում է ընդհանուր և նուրբ մոտորիկան: Երաժշտական ռիթմիկան բուժում է շարժողական և խոսքային խանգարումները՝ ջղաձգումները, հավասարակշռության խանգարումները, պաթոլոգիկ շարժումները, կակազությունը, արգելակվածությունը, խոսքային շնչառությունը:

 Երաժշտական թերապիան իր մեջ ներառում է.

  • Երաժշտական ստեղծագործությունների լսում:
  • Երգերի երգեցողություն:
  • Երաժշտության տակ ռիթմիկ շարժումների կատարում:
  • Երաժշտության զուգակցում կատարվող աշխատանքի հետ:

 

 

Ըստ Մ.Ա. Պովալյաեվի