Էպիլեպսիան  խրոնիկ նյարդահոգեբանական հիվանդություն է, արտահայտվում է նոպաների ձևով: Եթե այդ հիվանդության ընթացքը ծանր է և երկար է տևում, առաջանում են մի շարք բացասական հետևանքներ`բնավորության որոշակի բացասական փոփոխություն, մտավոր հետամնացություն: Տարբերում են 2 տեսակի էպիլեպսիաներ`

  • Տարածվող, որն ընդգրկում է ամբողջ օրգանիզմը:
  • Մասնակի, երբ էպիլեպտիկ պրոցեսի մեջ ընդգրկվում են մարմնի մկանների առանձին խմբեր:

Տարբերում են 2 հիմնական էպիլեպտիկ նոպաներ`

  1. Մեծ էպիլեպտիկ նոպա, որի ժամանակ հիվանդը ընկնում է , կորցնում է գիտակցությունը, մարմնի մկանները ձգվում են, ընկնում է մեջքի վրա և հաճախ մարմինը հենվում է միայն կրունկների և գլխի վրա:Կոկորդի մկանների ձգման հետևանքով ձայն է արտազատում, շնչառական մկանները ևս կծկվում են, դեմքը կապտում է, ակնագնդերը հետ են գնում և միայն աչքի սպիտակ մասն է մնում, բերանից փրփուր է դուրս գալիս, հաճախ արյունախառն:Այդպիսի վիճակը տևում է ընդամենը 20-30 վրկ, հազվագյուտ մինչև 1րոպե, որից հետո այդ վիճակը վեր է ածվում մարմնի մկանների առանձին ցնցումների:Այդպիսի վիճակը տևում է մոտ 5 րոպե, որից հետո այն անցնում է և հիվանդը գտնվում է ընկճված վիճակում: Շշմած է լինում, արգելակված մոտ 15-20 րոպե, որից հետո ուժասպառ քնում է երկար ժամանակ և ոչինչ  չի հիշում, պարզապես վատ է զգում, տրամադրությունը վատ է լինում: Ծանր դեպքերում մի նոպայից հետո սկսվում է երկրորդը, ապա երրորդը, որը բավականին վտանգավոր է և հիվանդը կարող է մահանալ նոպայի ժամանակ:
  2. Մյուս տեսակը կոչվում է փոքր նոպա, որն ունենում է մի քանի ձևեր: Դրանցից մեկն արտահայտվում է նրանով, որ հիվանդը հանկարծակի / մի քանի վայրկյանով/ կորցնում է գիտակցությունը, դադարում է կատարել որևէ գործողություն, որից հետո նրա գիտակցությունը վերադառնում է  և նա շարունակում է կատարել դադարած գործողությունը: Այդ վիճակը հաճախ իրենք էլ չեն նկատում, իսկ մյուսներին կարող է թվալ, որ նրա ուշադրությունը մի պահ շեղվել է : Մյուս տեսակը, երբ  հիվանդը առանց որևէ նախազգացումների ընկնում է , հետո վեր է կենում և գնում:

Սա ևս համարվում է էպիլեպտիկ հիվանդություն և եթե այն շարունակվում է երկար տարիներ` անդրադառնում է նրանց բնավորության , մտավոր ունակությունների վրա:

Մեծ նոպաները, որոշ չափով նաև փոքր նոպաները, ավելի հաճախ են լինում և ծանր են ընթանում , եթե հիվանդը ենթարկվում է լրացուցիչ նյարդային , հոգեբանական սթրեսների, լարվածությունների: Մեծ նոպայից որոշ ժամանակ առաջ հիվանդի մոտ առաջանում են որոշ նախազգացումներ` տրամադրության անկում, ախորժակի կորուստ, իսկ նոպայից անմիջապես առաջ ակնթարթային իլուզիաներ, տեսողական հալուցինացիաներ` աչքերին սև կետեր են երևում, ստերիոտիպ շարժումներ` լինում է քորի տիպի շարժումներ, դոփում է ոտքերով, դրսևորվում է թքարտադրություն, սրտխառնոց, փսխում, սրտխփոց, սովի զգացում, մաշկային ծակծկոցներ:

Նոպայի ժամանակ հիվանդին որևէ օգնություն ցուցաբերել դժվար է , բացի նրանից , որ պետք է այնպես անել, որ նա չկծի լեզուն, դրա համար թաշկինակով փաթաթում են լեզուն, որ այն չվնասի: Նոպայի ժամանակ չի կարելի ջուր տալ, սեղմել ձեռքերը, ոտքերը, տեղափոխել:

Էպիլեպսիան կարող է հանդես գալ այլ հիվանդությունների հետևանք` ուռուցքների, տրավմաների, էնցեֆալիտների, ժառանգական նյութափոխանակության խանգարումների: Էպիլեպսիայով հիվանդ մարդկանց զգալի մասի մոտ կարող է պահպանված լինել ինտելեկտը, կան հայտնի մի շարք պատմական դեմքեր ` Դոստոևսկին, Մուհամեդը, Կեսարը և այլոք, որոնք տառապել են էպիլեպսիայով:Պետք է նշել նաև բնավորության գծերը, որոնք առաջանում են հիվանդության հետևանքով` մի կողմից քծնող են , սակայն նաև դաժան, անչափ մաքրասեր, ագրեսիվ, ունենում են կուտակելու, հավաքելու մոլուցք, ունեն սահմանափակ հետաքրքրություններ, եսասեր են, գրգռված, կասկածամիտ:

Էպիլեպսիայի բուժումը շատ դժվար է և շատ դեպքերում արդյունավետ չէ: Եթե առաջացել է նոպա, այն կանգնեցնել հնարավոր չէ, բայց այժմ կան դեղամիջոցներ, որոնք թուլացնում են կամ հազվադեպ են դարձնում նոպաները: Հիմնականում դրանք քնաբեր նյութեր են :Կանխումը կարելի է կատարել դիետայի պահպանման, հոգեկան լարվածություններից, սթրեսներից խուսափելու միջոցով դեղանմիջոցների հետ մեկտեղ: