Շատ կարևոր է, որ ընտանիքի բոլոր անդամներն ընդունեն դաստիարակության նույն մեթոդը: Որպեսզի երեխան չմտածի, թե ինչու մայրիկի դեպքում «չի կարելի», իսկ տատիկի դեպքում «կարելի է»:  Բարձր պահեք մեծահասակի հեղինակությունը, եթե, օրինակ` հայրիկը սխալ է վարվել, պետք չէ երեխայի ներկայությամբ քննադատել նրան: Ավելի լավ է հետագայում, առանձին զրույցի ժամանակ բացատրել, թե ինչ սխալ է թույլ տվել:  Այլապես երեխան կհասկանա ամեն մեկի թույլ կողմերը և արդյունքում կդադարի հաշվի առնել մեծահասակների կարծիքը:

Իր պահվածքով երեխան կարծես թե ստուգում է մեծահասակին. գուցե ամեն դեպքում  կարելի է: Եվ գեթ մեկ անգամ զիջելու դեպքում հետո ավելի վատ կլինի:

Մեծահասակները պետք է զսպեն իրենց բացասական էմոցիաները, այլապես երեխան, կրկնորինակելով նրանց, կլինի կոպիտ և կտրուկ:  Կամակորության ժամանակ պետք չէ երեխայի վրա գոռալ կամ ամոթանք տալ, նախընտրելի է նրան շեղել խնդրից, իսկ հետո, երբ հանգստանա, կբացատրեք, թե որքան վատ է նա վարվել:

Այժմ երեխային պետք է վերաբերվեք որպես ընտանիքի լիիրավ անդամի: Հարկավոր է նրանից խորհուրդ հարցնել, լսել նրա կարծիքը: Եթե երեք տարեկանի ճգնաժամն անուշադրության մատնեք և չօգնեք ձեր երեխային, ապա ճգնաժամը կարող է ձգձգվել, իսկ երեխան կդառնա չենթարկվող:

Թույլ տվեք, որ երեխան ինքնուրույն լինի, նրան մեծ իրավասություն տվեք: Թող երեխան զգա ծնողների սերը և հոգատարությունը:

Երեխայի հետ շփումը խաղի վերաեք: Օրինակ, եթե նա չի ուզում լվանալ ձեռքերը, դուք էլ հանգիստ վերցրեք և սկսեք լվանալ տիկնիկի ձեռքերը, երեխային էլ խնդրեք, օր օգնի ձեզ և ցույց տա տիկնիկին, թե ինչպես է պետք լվանալ ձեռքերը:  Եթե երեխան չի ուզում ուտել, էլի խաղալիքին սկսեք կերակրել: Իսկ երեխային խնդրեք. «Մի հատ փորձիր, հանկարծ տաք չլինի», իսկ հետո արդեն երեխան ինքը կսկսի ուտել:

Երեխան շատ գոհ կլինի և իրեն «մեծահասակ» կզգա, եթե իրեն զանգահարեն հեռախոսով, «մեծական» նվերներ անեն, օրինակ` ժամացույց, գրիչ, նոթատետր և այլն:

Թող երեխան զգա, որ իր հետ վարվում եք ոչ որպես երեխայի, այլ որպես ընտանիքի լիիրավ անդամի, ինչպես տան մյուս անդամներին: Այս պարագայում դուք հեշտությամբ կհաղթահարեք 3 տարեկանի ճգնաժամը:

Աղբյուրը` impoqrik.am