Առանձնացնում են խոսքի  զարգացման 3 կրիտիկական փուլեր.

Առաջին փուլ / 1-2 տարեկան/ , երբ ձևավորվում են խոսքի նախադրյալները և սկսվում է խոսքի զարգացումը: Այդ տարիքում տեղի է ունենում խոսքային գոտիների առավել ինտենսիվ զարգացում` մասնավորապես Բրոկի կենտրոնի, որի կրիտիկական շրջանը համարվում է երեխայի  կյանքի 14-18 –րդ ամիսները: Ցանկացած, նույնիսկ աննշան, անբարենպաստ գործոն կարող է ազդել երեխայի խոսքի զարգացման վրա:

Երկրորդ փուլ / 3 տարեկան /, երբ ինտենսիվ զարգանում է կապակցված խոսքը` տեղի է ունենում անցում ` իրավիճակային խոսքից կոնտեքստային խոսք, ինչը պահանջում է ԿՆՀ-ի աշխատանքի մեծ համաձայնեցվածություն / խոսքաշարժողական մեխանիզմի, ուշադրության, հիշողության և այլն/:

ԿՆՀ-ի աշխատանքում, նեյրոէնդոկրին և անոթային կարգավորման մեջ առաջացած որոշ անհամաձայնություն բերում է վարքի փոփոխություն, նկատվում է համառություն, կամակորություն, նեգատիվիզմ և այլն: Այդ ամենը բերում է խոսքային համակարգի մեծ խոցելիության: Կարող է առաջանալ կակազություն, մուտիզմ, խոսքի զարգացման հապաղում: Երեխան հրաժարվում է խոսքային հաղորդակցումից, առաջանում է բողոքարկման ռեակցիա: Այս փուլում կակազության առաջացումը կարող է պայմանավորված լինել խոսքի ֆունկցիոնալ համակարգի առանձին օղակների և հոգեկան ֆունկցիաների անհավասարաչափ հասունացմամբ: / գրականության մեջ հայտնի է «Էվոլյուտիվ կակազություն» անվանմամբ/:

Երրորդ փուլ / 6-7 տարեկան/` գրավոր խոսքի զարգացման սկիզբ: Այս ժամանակ մեծանում է երեխայի ԿՆՀ-ի աշխատանքի ծանրաբեռնվածությունը և նրա հանդեպ չափից ավելի պահանջները նորից կարող են հանգեցնել տարբեր բնույթի խոսքային խանգարումների` կակազություն, դիսգրաֆիա և այլն: