Հինգ տարեկանների խմբում կարևորվում է ուսուցումը զարգացման միջոցով: Ուսուցման ընթացքում, հատկապես այս տարիքային խմբում, հաճախ են հանդիպում տարբեր բնույթի խոսքային խնդիրներ: Մեր առջև խնդիր ունենք լուծելու առաջացած խոսքային խնդիրները:

Գաղտնիք չէ, որ տառաճանաչման փուլին նախորդում է նախապատրաստական շրջանը: Այս փուլում հիմնական շեշտադրումն արվում է բանավոր խոսքի զարգացման վրա, որտեղ կարևորվում են բանավոր հաղորդակցումը, պատումը, ճիշտ արտասանությունը, ստեղծագործական միտքը, ինչպես նաև ուշադրության կենտրոնացումը, մտքի ձևակերպումն ու արտահայտումը:

Մինչև տառաճանաչումը սկսելը  5 տարեկանների խմբում սկսեցինք բառեր վանկատել և հեգել / բառի հնչունավանկային վերլուծություն կատարել/: Բառեր վանկատելը բավականին հեշտ  ստացվեց բոլորի մոտ, սակայն դժվարություններ առաջացան, երբ սկեցինք հեգել: Հաճախ սովորողները վանկը ընկալում էին որպես հնչյուն, հատկապես դժվար էին ընկալում , երբ բառի մեջ առկա էին բաղաձայների կուտակումներ, կիսաձայն հնչյուններ: Դժվարությունները հաղթահարելու համար փորձեցի  ձայնային վարժություններ անել: Որպեսզի վարժությունները արդյունավետ  և համակարգված լինեն,  որոշեցի համագործակցել լոգոպեդի հետ: Միասին մշակեցինք ձայնային վարժությունների համակարգ, որոնց շնորհիվ սովորողները սկսեցին առավել լավ ընկալել և վերարտադրել  հնչյունները:

Ձայնավարժությունը սկսում ենք նախևառաջ ծանոթանալով երգեցիկ կամ ձայնավոր հնչյուններին: Սկզբում արտաբերում ենք աաաաա` ուշադրություն հրավիրելով մեր բերանի բացվածքին, այնուհետև օօօօօօօ` մեր շրթունքները կլորանում են, հետո` ուուուուու, շրթունքների բացվածքը դառնում է շա~տ փոքր, հետո` իիիիի` մեր շրթունքները ձգվում են ` կարծես ժպտում ենք, հետո` էէէէէ, մեր բերանը փոքր-ինչ բացվում է, իսկ վերջում` ըըըը, կարծես մի քիչ մեր դունչն առաջ է գալիս: Ծանոթանալով  և մտապահելով դրանց դիրքերին` սկսում ենք գուշակել երգեցիկ ձայները առանց դրանց  ձայնը լսելու` ուղղակի դեմքին նայելով: Սկզբում դա կանի մասնագետը կամ դասավանդողը, այնուհետև սովորողները հերթով ցույց կտան երգեցիկ հնչյուններից որևիցե մեկը, իսկ մնացածները կգուշակեն:

Դրանից հետո փորձում ենք գուշակել արդեն ձայնավորների միակցումները` աու / նմանեցնելով գայլի ոռնոցին/, իա / նմանեցնելով իշուկի զռռոցին/,  ուա, ուի, ուօ, ուէ, աի, աէ, իու և այլն:

Ոչ երգեցիկ ձայներին / բաղաձայներին/ ծանոթանում ենք ` ուշադրություն դարձնելով, որ նրանք երկարատև հնչողություն չունեն և հնչելիս միշտ օգնության է հասնում «ը»-ն:

Այսպիսով, մեր համատեղ աշխատանքը դեռ շարունակվում է, փորձում ենք ձայնավարժությունների միջոցով լուծել խոսքային /բանավոր, գրավոր/ խնդիրներ:  Շնորհիվ ձայնավարժությունների սաները  հեշտությամբ են կարողանում հեգել բառերը,  և ավելի  ուշադիր են խոսքի նկատմամբ:

Ձայնավարժությունը միաժամանակ լուծում է մի շարք խնդիրներ.

  • Լեզվական խնդիրներով սովորողները չեն առանձնացվում խմբից և միաժամանակ շտկվում են մի շարք լեզվական խնդիրներ:
  • Սովորողները առավել լավ են պատկերացնում բառի հնչունային կազմը:
  • Ճանաչում են հնչյունները / թե տեսողապես, թե լսողապես/, կարողանում են ճիշտ և հստակ արտաբերել:
  • Հետագայում հեշտությամբ կարողանում են տիրապետել գրին և ընթերցանությանը:
  • Կենտրոնանում է ուշադրությունը սեփական, ինչպես նաև դիմացինի խոսքի վրա:
  • Ակտիվացնում է սովորողներին:
  • Խոսքը դառնում է առավել հնչեղ և արտահայտիչ:

Հեղինակներ` Աննա Օհանյան, Մերի Գրիգորյան