Մինչ 2013 թվականի  ձեռքբերումներիս անցնելը կցանկանայի նշել, որ կրթահամալիր մտել եմ մեծ սիրով ու ոգևորությամբ: Կրթահամալիրը միշտ իմ դպրոցն եմ համարել` ինձ շատ հարազատ, ինքնավստահության և ազատության շունչ պարգևող միջավայր: Սիրում եմ կրթահամալիրի ռիթմը, նորամուծությունները և ստեղծականությունը, որոնց կրողն ու փոխանցողներից մեկն էլ դու ես դառնում:

Կարծում եմ` բոլոր այն մեծ ու փոքր առաջխաղացումները, որոնք  այս տարում ունեցել են իմ սովորողները, նրանց ծնողներն ու դասավանդողները, ինչ որ չափով նաև իմ ձեռքբերումներն են: Այս տարվա էական ձեռքբերումներից հատկապես  պիտի առանձնացնեմ  իմ մասնագիտական բլոգի ստեղծումը, որում աշխատելը ոչ միայն հեշտացրեց ու հետաքրքրական դարձրեց աշխատանքս, այլ նաև նպաստեց մշտական կապ ստեղծել, խորհրդատվություն իրականացնել տարբեր խնդիրներով հետաքրքվող մարդկանց, կիսվել իմ մասնագիտական կարողություններով` շտկողական վարժություններով, խաղերով, թարգմանություններով, տարբեր հեղինակային նյութերով  և’ կրթահամալիրում, և’ նրա սահմաններից դուրս:

Մեծ ձեռքբերում եմ համարում նաև հատուկ կարիքով սովորողների թվային միջոցներին տիրապետումը, դրանց գործածումը, որոնք նպատում են հոգեկան գործընթացների , մտավոր ունակությունների, գրավոր և բանավոր խոսքի ձևավորմանն ու զարգացմանը:

Ոչ պակաս կարևոր ձեռքբերում է նաև հատուկ կարիքով սովորողների մասնակցությամբ տարբեր գործունեություններինճամփորդություններին ընդգրկվելը:

2013 թվականի իմ ձեռքբերումներից եմ համարում նաև քոլեջում «Հատուկ մանկավարժություն» առարկան դասավանդելն ու դիպլոմային նախագծերի ղեկավարելը, շատ եմ կարևորում հատկապես ապագա դասավանդողների իրազեկված լինելն ու գրագետ մոտեցումը հատուկ կարիքով սովորողների կրթությունը կազմակերպելիս:

Հետագա անելիքներիս մեջ կարևորում եմ մասնագիտական բլոգիս առավել ներկայանալի լինելը, հատուկ կարիքով սովորողների ավելի շատ ներգրավվածությունը տարբեր գործունեություններին, թվային միջոցներին առավել լավ տիրապետելը, դրանք զարգացնող, շտկող միջոց դարձնելը,  դասավանդողների, ծնողների  իրազեկության բարձրացումը, աշխատանքում հետևողականությունն ու բարեխղճությունը: