291020122307

Լսողության խանգարումով երեխայի խոսքի զարգացման առանձնահատկությունները և յուրահատկությունները ճիշտ հասկանալու համար, պետք է լավ իմանալ որոշ ընդհանուր հոգեբանական կանոններ նորմալ զարգացող երեխայի խոսքի զարգացման և կազմավորման մասին:

Ծնվելուց հետո երեխան հայտնվում է որոշակի սոցիալական միջավայրում, որտեղ խոսում են հիմնականում այս կամ այն ազգային լեզվով: Իր պահանջմունքները բավարարելու համար նա պետք է կարողանա հաղորդակցվել շրջապատողների հետ, ինչ որ կերպ նրանց հասկացնել, թե ինչի կարիք Է զգում: Կյանքի առաջին ամիսներին շրջապատողների հետ երեխայի հաղորդակցությունը ունի ոչ խոսքային բնույթ ` դիմախաղ, մարմնախոսություն, զանազան ձայներ և այլն, որի միջոցները նրան տրված են ի ծնե,, թեև զարգանում են նաև ծնվելուց հետո:

Երեխաների խոսքի զարգացման համար շատ կարևոր է լիարժեք լսողությունը: Լսողական վերլուծիչը սկսում է գործել արդեն երեխայի կյանքի առաջին ժամերից: Առաջին հակազդումը հնչյունին երեխայի մոտ դրսևորվում է բբի լայնացմամբ, շնչառության արգելակմամբ, որոշ շարժումներով: Հետո երեխան սկսում է լսել մեծահասակների ձայնը և արձագանքել դրանց:

Լեզուն մտքերն արտահաըտելու բնական գործիք է և գիտելիքներ ձեռք բերելու և ինֆորմացիայի փոխանակման կարևոր զենք: Լեզվական շփումը մարդկության հետ ընդհանրության զգացման և հասկացման հիմքն է: Լեզվի միջոցով մենք կարող ենք արտահայտել մեր զգացմունքները, կարիքները, ցանկությունները և գնահատականները, նաև երկխոսություն վարել, որն էականորեն նպաստում է մեր հուզական և սոցիալական զարգացմանը և դրական անձնային զարգացման կարևորագույն նախապայման է:

Երեխաները լեզուն յուրացնում են, երբ լսում են, թե ինչպես են խոսում ծնողները և շրջապատող այլ մարդիկ: Լսելով մշտապես կրկնվող բառերը ` երեխան աստիճանաբար սովորում է տարբերել դրանք, կապել առարկաների, մարդկանց և իրավիճակների հետ: Բառերը ձեռք են բերում իմաստ կամ նշանակություն:

Լեզուն յուրացնելու այս բնական ճանապարհը լսողության ծանր խանգարումներով երեխայի համար փակ է: Չնայած ամեն դեպքում անհրաժեշտ է ինտենսիվ մարզվել և օգտագործել մնացած լսողությունը, եթե այդպիսին պահպանվել է:

Լսողության կայուն և արտահայտված իջեցումը դժվարեցնում է ոչ միայն խոսքի ընկալումը, այլև անխուսափելիորեն բերում է արտաքին խոսքի թերզարգացման կամ խանգարման, դրա հետ մեկտեղ արտաքին խոսքի խանգարման մակարդակը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կախված կլինի լսողության իջեցման մակարդակից ` ինչքան ծանր է մակարդակը, այնքան վատ է խոսքը, ծանրալսության առաջացման ժամանակից, երեխայի զարգացման պայմաններից:

 Լսողության իջեցում ունեցող երեխաներին բնորոշ է խոսքի բոլոր բաղադրամասերի թերզարգացումը, որն անմիջականորեն կապված է լսողական անբավարարության հետ:

Հաճախ երեխան լրիվ խոսքը չընկալելու պատճառով լրիվ չի հասկանում խոսքի իմաստը:

Խոսքային պաշարի աղքատությունը, աղավաղված բնույթը իրենց հետքն են թողնում իմացական գործունեության զարգացման ընթացքի վրա, իսկ դա ել իր հերթին հետադարձ ազդեցություն է թողնում խոսքի վրա:

Լսողության խանգարումներով երեխաների մոտ հաճախ բառային հաղորդակցման սխալներ են լինում: Խոսքի յուրացման վաղ շրջաններում նրանք հաճախ չեն տարբերում խոսքի մասերը և միշտ չի որ դրանք ճիշտ են կիրառում, դժվարությամբ են յուրացնում դերանունները և նախդիրները, սխալներ են կատարում ածանցները և վերջավորություններն օգտագործելիս, սակայն աստիճանաբար կոպիտ սխալները նվազում են: Սակայն անգամ ավագ դպրոցական տարիքում սխալները դեռ տեղի են ունենում այս երեխաների խոսքում:

Որքան շուտ է երեխային ուսուցանվում բանավոր խոսքը մնացորդային լսողության և շրջապատողների շուրթերից կարդալու ունակության օգտագործմամբ և զարգացմամբ, այնքան քիչ է հոգեկան զարգացումը շեղվում նորմայից: Որքան փոքր է երեխան, որը կորցրել է լսողությունը, այնքան արագ և ուժգին է խախտվում, նույնիսկ վերանում է նրա խոսքը:

Խոսքի զարգացման գործում մեծ դեր է կատարում շրջապատող մեծահասակների խոսքը: Երեխայի հետ պետք է խոսել որքան հնարավոր է ավելի շատ, բառերը արտաբերել հնարավորինս պարզ, ճիշտ և չհարմարեցնել երեխայի սխալ արտասանությանը: Որքան հարուստ է երեխայի խոսքային պրակտիկան, այնքան ավելի արագ և լավ է զարգանում նրա սեփական խոսքը: Մեծահասակների կողմից նույն բառի բազմանգամյա կրկնության և այդ բառը որոշակի առարկայի հետ ասոցացման արդյունքում հասկացողության մեջ կազմավորվում է ասոցատիվ կապ բառի ` երկրորդ կարգի ազդանշանի, և առարկայի անվանման միջև:

Դեռևս ոչ ոք դիտավորյալ երեխային չի սովորեցնում քերականական կանոնները: Սակայն լեզվի օրենքներն ու քերականական կանոնները գործնական յուրացվում են նախքան դպրոց հաճախելը ` ճիշտ են օգտագործվում բառր քերականական կապերը նախադասության մեջ ` համապատասխանեցումը, կառավարումը, համադրումը, ճիշտ են օգտագործվում նախդիրները, բայաձևերը, հոլովները:

Այսպիսով, նորմալ զարգացող երեխայի խոսքի զարգացումը ընթանում է լսողության հիման վրա,ինչպես նաև  հարուստ խոսքային պրակտիկայի հիման վրա: Խոսքի զարգացումը խուլ երեխայի մոտ ընթանում է ամբողջությամբ այլ կերպ: Նա չի լսում շրջապատողների խոսքը, չի կարող ընդօրինակել և այդ պատճառով չի կարող խոսել սովորել ինքնուրույն:

Խոսքի բացակայությունը, սահմանափակվածությունը և ոչ հարուստ խոսքային պրակտիկան նրան զրկում են մեծահասակների փորձը վերցնելու, նոր հասկացություններ յուրացնելու հնարավորությունից: Այս ամենը հետք է թողում երեխայի ամբողջական զարգացման վրա:

Առաջ խուլ երեխայի խոսքի ուսուցումը սկսվում էր միայն դպրոց ընդունվելիս, այժմ ստեղծված են հատուկ մանկապարտեզներ, որտեղ երեխաների խոսքի ուսուցումը և հասկացողության ձևավորումը սկսվում է վաղ տարիքից: Այդպիսի երեխաները գալիս են դպրոց արդեն բանավոր խոսքի զգալի հմտություններով, ինչը հեշտացնում է նրա ձևավորման գործընթացը դպրոցական շրջանում: Նրանք կարող են միանգամից ընդունվել առաջին դասարան:

Խոսքի պահանջմունքը լսող երեխայի մոտ դպրոց ընդունվելուն պես մեծանում է: նրա խոսքը դառնում է ոչ միայն ուսուցչի, այլ նաև ամբողջ դասարանի ուշադրության առարկա: Եվ բոլոր առկա թերությունները անմիջապես նկատվում են և ուղղվում: Երեխան առաջին անգամ սկսում է սովորել լեզուն, ինչպես առարկա: Քերականական կանոնները, որոնցից նա մինչ այդ օգտվում էր զուտ գործնականում, դառնում են հատուկ ուսումնասիրության առարկան: Երեխային բացատրում են, թե ինչու է հարկավոր խոսել և գրել այսպես, և ոչ թե այնպես: Դպրոցում առաջին անգամ տրվում է խոսքի էլեմենտների վերլուծությունը, խոսքային տեքստը բաժանվում է նախադասությունների, բառերի, վանկերի, հնչյունների, տառերի, տրվում է այդ էլեմենտներից յուրաքանչյուրի բացատրությունը:

Ընդունվելով դպրոց երեխան առաջին անգամ ծանոթանում է իր համար նոր` գրավոր խոսքի ձևին: Այս խոսքը ձևավորվում և զարգանում է բանավոր խոսքի հիման վրա, որի թերությունները բերում են գրավոր խոսքի ոչ գրագիտությանը: Դպրոցական շրջանը շարունակվում է բառային պաշարի հարստացմամբ ու կուտակմամբ, աճում է նրա որակական բաղադրությունը, կոնկրետացվում և ընդլայնվում է արդեն առկա բառերի իմաստը: Ընթերցանության տիրապետումը իրենից ներկայացնում է բարդ հոգեբանական գործընթաց: Լսող երեխայի մոտ այս ամենը ընթանում է խոսքային նյութի կուտակման հիման վրա:

Խուլ երեխան գալիս է դպրոց կամ խոսքի բացակայությամբ, կամ շատ աննշան բառային պաշարով և խոսքի հմտությամբ: Այդ պատճառով նրա մոտ խոսքի ուսուցման և կազմավորման գործընթացը արմատապես տարբերվում է հանրակրթական դպրոցի նմանատիպ գործընթացից:

 

Հոգեբանական տեսանկյունից գրավոր խոսքը հանդիսանում է ավելի դժվար, ավելի վերացական: Լսող երեխայի համար գրավոր խոսքի տիրապետումը իրենից ներկայացնում է զգալիորեն ավելի մեծ դժվարություններ, քան բանավոր խոսքի տիրապետումը: ինչ վերաբերվում է խուլ երեխային, ապա այստեղ գործը բոլորովին այլ է: Գրավոր խոսքը, չնայած որոշ դժվարությունների, նրա համար ունի որոշ առավելություններ բանավոր խոսքի հանդեպ, քանի որ այն չի պահանջում լսողության առկայություն, այլ ընկալվում է տեսողության օգնությամբ:

Թույլ լսող երեխան կարող է տիրապետել խոսքին զգալիորեն ավելի ինքնուրույն, կախված ծանրալսության աստիճանից: Ծանրալսության թեթև աստիճանի դեպքում երեխան կարող է սովորել հանրակրթական դպրոցում: Ծանրալսության ծանր աստիճանի դեպքում երեխան զբաղեցնում է այսպես ասած սահմանային դիրք խուլ և թույլ լսող երեխայի միջև, սակայն մոտենալով խուլին: Նա չի կարողանում ինքնուրույն տիրապետել ամբողջական խոսքին: Նրա համար, ինչպես նաև խուլ երեխայի համար պահանջվում են հատուկ ուսուցման պայմաններ: Նրա խոսքը տարբերվում է զգալի հնչյունային թերություններով, որոնք արտահայտվում են աղավաղված, փոխարինված, բացթողնված առանձին հնչյուններով: Շատ աղքատիկ և սահմանափակված է բառապաշարը:

 Բանավոր խոսքի պակասը զգացվում է նաև գրավորում, այն բաց է թողնում, փոխարինում է առանձին տառեր և վանկեր: Թույլ լսող երեխան թույլ է տալիս շատ սխալներ նախադասության մեջ բառերի քերականական կապերի օգտագործման ժամանակ, սխալ է համաձայնեցնում բառերը, օգտագործում է բայի սխալ քերականական կարգեր, հոլովներ, թիվ և այլն:

Այսպիսով, խոսքի զարգացումը իրենից ներկայացնում է  բավականին բարդ գործընթաց, քանզի խոսքի զարգացման որևէ փուլում լսողության կորուստը հանգեցնում է մյուս փուլերի զարգացման խնդիրների:

 Աղբյուր` http://www.usum.org