images (1)

Ինչպե՞ս է աշխատում լսողական սարքը

Լսողական սարքը հարմարավետ տեղավորվում է երեխայի ականջախեցու ետևում: Փոքրիկ խողովակը այն միացնում է ականջախեցու մեջ հարմար տեղադրված ներդիրի հետ: Լսողական սարքի մեջ օգտագործվում է փոքրիկ մարտկոցը, որը դուք պարբերաբար պետք է փոխեք:

Սարքը պարունակում է փոքրիկ բարձրախոս, որը որսում է ձայնը, ապա այն սարքի ներսում ուժգնացվում է ուժեղացուցիչի միջոցով: Ուժեղացուցիչը պետք է հարմարեցվի երեխայի լսողությանը և կարիքներին:

Ի լրացումն ներքին ուժեղացուցիչի, կա նաև ձայնի արտաքին կարգավորիչ, որի միջոցով դուք կամ ձեր երեխան կարող եք փոփոխել ձայնի բարձրությունը:

Ձայնը ուժգնացումից և մշակումից հետո անցնում է դեպի ականջի ներդիր և ի վերջո լսողական անցուղի:

Երեխայի լսողական սարքի խնամքը

Որպեսզի սարքը երեխային ծառայի երկար և արդյունավետ, դուք պետք է հոգ տանեք ձեր երեխայի լսողական սարքի ամենօրյա խնամքի մասին: Մի’ տագնապեք, դա այդքան էլ բարդ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից:

  1. 1.    Լսողական սարք
  • Պաշտպանեք լսողական սարքը կեղտոտվելուց, մաքրեք այն միշտ ականջածծմբից և այլ տիպի կեղտերից փափուկ չոր կտորով. վտանգավոր են ալկոհոլը, լուծվող և մաքրող միջոցները
  • Խուսափեք հարվածներից
  • Պաշտպանեք լսողական սարքը ջերմային ազդեցություններից
  • Պաշտպանեք լսողական սարքը խոնավությունից. լսողական սարքը երբեք չպետք է թրջվի
  • Պահեք լսողական սարքը ապահով տեղում. եթե չեք օգտագործում, պահեք չոր տուփի մեջ, տեղափոխեք այն միշտ իր տուփով
  1. 2.    Ականջի ներդիր

Եթե ներդիրը խցանված է ականջածծումբով, անջատեք ներդիրը լսողական սարքից և լվացեք այն տաք օճառաջրով, ապա ողողեք գոլ ջրով: Ատամի խոզանակի միջոցով ձեզ կհաջողվի մաքրել կեղտը ներդիրի ամենադժվարամատչելի մասերում: Լվանալուց հետո դրեք այն փափուկ չոր կտորի վրա, որպեսզի չորանա: Ներդիրը սարքին միացնելու պահին այն պետք է բացարձակ չոր լինի. այլապես խոնավության առկայությունը կառաջացնի ձայնի խաթարում: Նման դեպքում կարելի է հեռացնել խոնավությունը ներդիրից ռետինե տանձիկի օգնությամբ:

  1. 3.    Լսողական սարքի մարտկոց
  • Եթե լսողական սարքը լռում է, պետք է փոխել մարտկոցը: Օգտագործեք միայն լսողական սարքերի համար նախատեսված մարտկոցներ
  • Հանեք մարտկոցը , եթե սարքը երկար չեք օգտագործելու
  • Խորհուրդ է տրվում մարտկոցի բնիկը գիշերը բաց թողնել:

Լսողական սարքը կրելու կանոններ

  • Լսողական սարքը կրելուց առաջ ուշադիր զննեք լսողական սարքը և համոզվեք, որ այն վնասված ու կեղտոտված չէ:
  • Համոզվեք, որ մարտկոցը գործում է. միացնելիս լսողական սարքը պետք է սուլի:
  • Լսողական սարքը նախքան ականջին տեղադրելը պետք է լինի անջատված, իսկ ձայնի բարձրությունը` նվազագույն նիշի վրա:
  • Սարքը միացրեք միայն ականջին ճիշտ տեղադրելուց հետո, այնուհետև կարգավորեք ձայնի բարձրությունը:
  • Լսողական սարքը հանելիս սկզբում անջատեք այն, ապա զգուշորեն ձգեք ներդիրից և ոչ թե խողովակից:

 

Աղբյուր` «Լսողական սարքերի օգտագործման ուղեցույց ծնողների համար» գրքից