file_25399_6503497

Վաղուց հայտնի է, որ օրգանիզմում  նաև օգտակար մանրէներ կան, իսկ օճառով հաճախակի լվացվելը կարող է մաշկի չորության ու գրգվածության հանգեցնել և «մաքրության» հետևանքով   հիվանդածին մանրէների հետ միասին վերացնել նաև օգտակարը:

Փոքրուց  մեզ սովորեցնում են լվացվել, մաքրել ատամները, սանրվել: Սակայն եթե աչքերը, քիթը, բերանը գտնվում են «դիմային», երևացող մասում, ապա մեր ականջները տեսնել  չենք կարողանում: Գուցե դա է պատճառը, որ մեզ  անընդհատ թվում է, թե ուրիշները կարող են տեսնել մի բան, որը մենք ֆիզիկապես ի վիճակի չենք տեսնել: Դրա հետևանքով է, որ անընդհատ, ամեն օր ջանադրաբար մաքրում ենք մեզ համար ոչ տեսանելի օրգանը ու հետն էլ վնասում այն: Երբեմն նման գործողությունների պատճառով վնասվում է թմբկաթաղանթը:  Բանն այն է, որ լսանցքն  ունի  ծալքեր ու ոսկրի հատվածն էլ լսանցքի մոտ նեղանում է: Մաշկն ականջի ներսում շատ նուրբ է` 0,1 մմ, ուստի այն վնասելն առանձնապես դժվար  չէ անգամ բամբակյա փայտիկով: Բացի այդ, մեծ  է հավանականությունը, որ այդ փայտիկով ականջի ծծմբական  արտադրությունը, դուրս բերելու փոխարեն, ավելի խորը մղվի: Ի դեպ, ծծումբն ականջի խորքում չի առաջանում, այլ ամենասկզբում, գեղձերի աշխատանքի արդյունքում: Դա կեղտոտ գոյացություն չէ, ինչպես շատերին է թվում, այլ օրգանիզմի նորմալ գործունեության արգասիք, ինչպես և քթի խոռոչի լորձը, որը մազմզուկների հետ խոչընդոտում է  մանր իրերի, միջատների, փոշու, և վնասակար մանրէների  մուտքը ականջ: Եթե այն ձեզ չի անհանգստացնում, ապա հանգիստ թողեք ականջը` իր արտադրությամբ: Ականջը ինքնամաքրվող օրգան է: Բանն այն է, որ լսանցքի մաշկն անընդհատ աճում է թմբակաթաղանթից դեպի ելք: Աճում է այն դանդաղ, մոտավորապես` եղունգների նման: Ու դա հնարավորություն է տալիս լսանցքից դուրս բերելու այն ամենը ինչն օտար մարմին է համարվում: Օրգանիզմն ինքն իրեն մաքրում է` ազատվելով ամենայն ավելորդից:

Կարևոր է ականջը ջրից պաշտպանելը:  Հայտնի միջոց է մի ոտքի վրա թռչկոտելը` գլուխը խնդրահարույց ականջի կողմը թեքած ու բլթակը ներքև քաշելով:

Ինչո՞վ է վտանգավոր ջուրը: Իրականում դա մեծ վտանգ է, ինչն ականջաբորբի պատճառ կարող է լինել: Այդպես է զարգանում ցավով ուղեկցվող ականջի հիվանդությունը, որն օտիտ է կոչվում: Հետևաբար գուցե հակավոր է լողանալուց առաջ բամբակյա կամ հատուկ ականջակալները թաթախել ձեթով (զեյթունի) ու դրանցով խցել լսանցքը:

Իսկ հիվանդությունը կանխարգելելու համար հարկավոր է խուսափել խոնավությունից, միջանցիկ քամուց, բարձր ձայներից: Մի խանգարեք բնությանը, ու ականջները միշտ մաքուր ու առողջ կլինեն առանց մեր միջամտության:

Շատերն այնքան են տարվում ականջները մաքրելով, որ վնասում են թմբակաթաղանթը.  բամբակյա փայտիկներով ավելի ու ավելի խորն են ներթափանցում` փորձելով առավել մաքրության հասնել: Երբեմն էլ թմբակաթաղանթը վնասվում է մաքրման աշխատանքի ժամանակ հնչած հեռախոսազանգի, ձեռքերի դողի, բարձր ձայնի պատճառով:

Թմբկաթաղանթի վնասման վտանգը

Թմբկաթաղանթի վնասման մասին կարող է վկայել արյունը (մի փոքր), որից հետո վատանում է լսողությունը, ինչը կարող է քրոնիկ բնույթ ստանալ ու, ի վերջո, վատթարագույն դեպքում հանգեցնել լրիվ խլության:

Ընդհանրապես պե՞տք է ականջները մաքրել

Սովորաբար ծծումբն առաջանում է ինքնուրույն, ծամելու պրոցեսի կամ էլ խոսելու ընթացքում: Ծծմբի ինչ-որ քանակ հարկավոր է, որպեսզի ականջներում պահպանվի անհրաժեշտ միկրոֆլորան: Ուստի ինքնուրույն ականջները մաքրելու անհրաժեշտություն չկա:

Ի՞նչ է ծծումբն ու ինչի՞ համար է

Ծծբագեղձերը քրտնագեղձերի փոփոխված տեսակներ են, որոնք գտնվում են լսանցքի արտաքին մասում: Այն միանգամից մի քանի ֆունկցիա է կատարում, որոնցից հիմնականն ականջների պաշտպանությունն է: Մի կողմից` ծծումբը պաշտպանում է արտաքին ականջի լսանցքի մաշկը միկրովնասվածքներից: Բացի դրանից, ծծումը մանրէազերծող հատկություն ունի ու պաշտպանում է լսանցքի պատերը ցավածին մանրէների ներթափանցումից: Դրա քանակը խիստ անհատական է. կան մարդիկ, որոնց մոտ առատ ծծմբարտադրություն է լինում, և հակառակը: Մեկ խոսքով, անհանգստանալու բան չկա ո՛չ առատությունից, ո՛չ էլ թվացյալ պակասությունից: Գույնով այն նույնպես տարբերվում է. մուգ շագանակագույն, թանձր, պատերին կպած, լինում է նաև բավական բաց, չոր, երբեմն էլ` թերթիկների նման: Սակայն  երկու դեպքում էլ դրանք մարդու ֆիզիոլոգիական առանձնահատկություններով են պայմանավորված, ու չի կարելի այդ փաստը դիտարկել որպես հիվանդագին վիճակ:

Ինչին պետք է ուշադրություն դարձնել

Եթե երեխան հիվանդ է, ու նրա մոտ ուժեղ թունավորման ախտանշաններ են, ապա, իհարկե, նրա մոտ առատ քրտնարտադրության հետ նաև առատ ծծմբարտադրություն է  առաջանում: Այդպիսով օրգանիզմը դուրս է բերում տարբեր հիվանդածին նյութեր: Մի կարևոր հանգամանք. հիվանդության ժամանակ առատ ծծմբարտադրությունը  երբեմն շփոթվում է հիվանդագին վիճակի, բորբոքման  հետ: Այդ դեպքում պետք է դիմել քիթ-կոկորդ -ականջի բժշկին:

Ինչո՞վ է վտանգավոր ծծմբային խցանը

Առաջին հերթին դա վտանգավոր է ու տհաճ նրանով, որ լսողության վատացում է առաջացնում, ինչն ավելի է խորանում, երբ խոնավության (լողանալուց հետո) պատճառով խցանն ուռչում է ու լրիվ փակում լսանցքը:

Խցանի հեռացման ժամանակ այն  կարող է ավելի խոր գնալ` վնասելով թմբկաթաղանթը, որն էլ հետագայում կարող է միջին ականջի բորբոքման պատճառ լինել: Ուստի խցանից  ինքնուրույն ազատվել խորհուրդ չի տրվում: Կտրականապես: Հիմնականում դա հանգեցնում է վիճակի վատթարացման:

Աղբյուր` http://www.med-practic.com