images

Եթե ձեր երեխայի վարքում հաճախակի են ագրեսիվության դրսևորումները, ապա.

  1. Աշխատե’ք հնարավորինս հանգիստ վերաբերմունք դրսևորել աննշան ագրեսիայի դեպքում. երբ երեխան ընդունելի սահմաններում և հասկանալի պատճառներով արտահայտում է իր զայրույթը, ապա անհրաժեշտ է թույլ տալ նրան արձագանքել իրավիճակին, ուշադրությամբ լսել նրան, այնուհետև շեղել ուշադրությունը, տեղափոխել այն որևէ այլ բանի վրա` ցույց տալով, որ հասկանում եք երեխայի զգացմունքները:
  2. Ձեր ուշադրությունը կենտրոնացրեք արարքների / վարքի / , այլ ոչ թե երեխայի անձի վրա. օգնեք երեխային հասկանալ, թե ինչպիսին էր իր այս կամ այն արարքը, օգտագործած բառը կամ պահելաձևը և ինչ հետևանքներ կարող էր ունենալ, բայց ոչ մի դեպքում մի’ քննադատեք նրա անձը, քանզի քննադատական արտահայտությունները դիմադրություն և բողոք են առաջացնում ու պրոբլեմը լուծելու հնարավորություն չեն տալիս:
  3. Աշխատե’ք վերահսկել ձեր բացասական հույզերը: Փորձե’ք ձեր օրինակով երեխային սովորեցնել, որ ցանկացածն էլ կարող է ունենալ բացասական հույզեր, բայց կարևոր է նաև կարողանալ վերահսկել այդ հույզերը:
  4. Խոսե’ք երեխայի հետ իր սխալ արարքի մասին: Բավական անարդյունավետ է քննարկել վարքը հենց ագրեսիայի դրսևորման պահին: Կարևոր է խոսել երեխայի հետ միայն այն ժամանակ, երբ իրավիճակն արդեն հարթվել ու հանդարտվել է: Բայց դրա հետ միաժամանակ դիպվածի քննարկումը պետք է կազմակերպել հնարավորինս շուտ, պահպանելով հանգստություն և հավասարակշռվածություն` առանց վկաների, այլ ոչ թե խմբի կամ ընտանիքի ներկայությամբ:
  5. Անկախ ամեն ինչից, աշխատե’ք պահպանել երեխայի արժանապատվությունն ու դրական համբավը: Հիշե’ք, որ երեխային բացասական պիտակներ կպցնելը խիստ վտանգավոր է և հաճախ հենց պիտակավորումն ինքը կարող է դառնալ երեխային ագրեսիվության մղող հզոր ուժ:
  6. Ոչ ագրեսիվ վարքի մոդել ցուցադրե’ք երեխային: Երեխայի ագրեսիվ գործողություններին ի պատասխան ջանացե’ք ձեզ հնարավորինս ոչ ագրեսիվ պահել: Օգնեք երեխային հասկանալ, որ խնդիրները կարող են լուծվել նաև խաղաղ եղանակներով:
  7. Սովորեք լսել երեխային: Հնարավորություն տվե’ք նրան ազատորեն խոսել իր հետ կատարվածի մասին ու պատմել դրա հետևանքով առաջացած իր ապրումների և հույզերի մասին:

Հեղինակ` Մանկական զարգացման հիմնադրամ