images

 

Ծանրալսության ախտորոշումը և լսողության իջեցման աստիճանը որոշվում են սուրդոլոգիական կամ աուդիոլոգիական կենտրոններում:Այնտեղ դիմողը կստանա մասնագիտական օգնություն: Աուդիոմետրիստը կստուգի ականջի ֆիզիոլոգիական վիճակը: Այդ կենտրոններում աշխատում են նաև սուրդոմանկավարժներ, որոնք լսողության ծանր կորուստների դեպքում սիստեմատիկ պարապմունքների շնորհիվ զարգացնում, շտկում են խոսքը, և նախապատրաստում երեխային դպրոց գնալու:

Օտոլարինգոլոգը`քթի, կոկորդի և ականջի հիվանդությունների մասնագետ է: Անհրաժեշտության դեպքում, ստուգելով ականջը, նա կարող է պարզել ծանրալսության պատճառները: Նա ստուգում է նաև քիթը և ըմպանը, որովհետև դրանք սերտ կապի մեջ են ականջի հետ: Բոլոր ծանրալսության դեպքերը պետք է ստուգվեն մասնագետի կողմից, քանզի պատճառը կարող է լինել շատ հասարակ և հեշտ բուժելի:

Այսպիսով ծանրալսության ախտորոշումը ընդգրկում է ականջի, քթի և կոկորդի ստուգումը, մի քանի հեշտ անցկացվող ապարատային լսողության ստուգումներ, որոնք ոչ մի տհաճություն չեն պատճառում:

Կամերտոնալ ստուգումը հնարավորություն է տալիս տարբերել կոնդուկտիվ և նեյրոսենսոր ծանրալսությունները: Կոնդուկտիվ ծանրալսության դեպքում ձայնը ավելի հեշտ է ընկալվում, եթե կամերտոնի վիբրացիան անցնում է գանգի ոսկրով  (ոսկրային հաղորդականություն), քան օդով`ականջով անցնելիս (օդային հաղորդականություն), քանի որ տուժած է օդային հաղորդականությունը:

  1. Տոնալ աուդիոմետրիա

Լսողության իջեցման աստիճանի մասին ամենաճշգրիտ տվյալները կարելի է ստանալ աուդիոմետրիայի միջոցով: Ականջակալներով առաջարկվում են տարբեր հաճախականության և տարբեր ուժգնության մաքուր ձայներ: Նշվում են լսված կետերը, գծվում է գծագիր, որը ցույց է տալիս լսողության իջեցման աստիճանը (դեցիբելներով կամ dB): Եթե մարդը լսում է 20-ից բարձր dB, ապա լսողությունը նորմալ է: Եթե իջեցումը մինչև 40 dB է` խոսակցության ընկալումը դժվարացված է,  60 dB լսողության իջեցումը նշանակում է լսում է միայն ճչացող ձայներ: Տոնալ աուդիոմետրիան հնարավորություն չի տալիս որոշելու, թե ինչպես է մարդն ընկալում ձայների կոմպլեքսը խոսակցության ժամանակ, բայց տալիս է շատ հարուստ տեղեկություններ ախտորոշման համար:

  1. Խոսակցական աուդիոմետրիա

Որոշել, թե ինչ պարզությամբ է ընկալում խոսքը, կարելի է տարբեր տարածություններից շշուկի կամ խոսակցական ձայնի ընկալման փորձը կատարելով: Ավելի ստույգ տվյալներ ստանալու համար կատարվում է խոսակցական աուդիոմետրիա: Դրա համար կա հատուկ ընտրված բառերի ցանկ, որը կօգնի ի հայտ բերել լսողության իջեցման պատճառները: Ականջակալների միջոցով հաղորդվում են տարբեր բառեր և ճիշտ ընկալվածների հիման վրա գծվում է կորագիծ:

  1. Խաղային աուդիոմետրիա

Փոքր տարիքի երեխաների լսողության ստուգումը ( 2-5 տարեկան ) բավական դժվարություն է ներկայացնում` կապված տարիքի, խոսքի բացակայության, ստուգման խնդրի ընկալման հետ: Այդպիսի դեպքերում օգտագործվում է խաղային աուդիոմետրիա, որի ժամանակ , զուգակցելով ձայնի իմպուլսը որևէ շարժվող կամ լուսավորող խաղալիքի հետ, պայմանական ռեֆլեքսի առաջացման միջոցով գրանցվում է երեխայի կողմից ձայնի մինիմալ ուժգնությունը:

  1. Տիմպանոմետրիա

Ի տարբերություն բոլոր վերոհիշյալ ստուգման ձևերի, տիմպանոմետրիան օբյեկտիվ ստուգման ձև է, այսինքն` կապված չէ երեխայի խոսակցական կամ մտավոր հնարավորությունների հետ: Երեխայի ականջում հնչեցնում են ցածր հաճախականության ձայն, և սարքավորումը մեխանիկորեն գրանցում է միջին ականջի վիճակը, ախտորոշում այդ հատվածի հետ կապված ծանրալսության պատճառները:

  1. Օբյեկտիվ աուդիոմետրիա

Լսողության ստուգման այս ձևը կիրառվում է մինչև 3 տարեկան հասակի և մտավոր թերզարգացումով երեխաների մոտ: Հատկապես այս ստուգումը կարևոր է ռիսկի խմբի երեխաների համար, որոնք ծնվել են անհաս, վաղաժամ, կապտած, որոնք վաղ մանկական հասակում տարել են ինֆեկցիաներ, օրինակ` մենինգիտ: Այդ երեխաները շուտ ախտորոշման և բուժման կարիք ունեն, քանզի դրանից է կախված բուժման արդյունավետությունը:

Այս ստուգման ձևը չի պահանջում երեխայի ակտիվ մասնակցությունը, օբյեկտիվ է և թույլ է տալիս ստուգել լսողությունը մանկան քնած վիճակում:

Բոլոր վերոնշյալ ստուգման ձևերը թույլ են տալիս ախտորոշել ծանրալսությունը, նրա տեսակը և աստիճանը`հետագա բուժական միջոցառումները ճիշտ կազմակերպելու համար:

Աղբյուր` ” Ինչ է ականջը, և ինչպես ենք մենք լսում” գրքից