download

 

Որպես լսողության օրգան, ականջը միակ զգայարանն է , որի միջոցով մենք ստանում ենք տեղեկություններ մեր շրջապատի մասին: Ականջը բաղկացած է երեք մասից`արտաքին,միջին և ներքին:

  • Արտաքին ականջ

Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և արտաքին լսողական անցուղուց: Արտաքին լսողական անցուղին մատիտի լայնության մի խողովակ է` մոտավորապես 2,5 սմ երկարությամբ: Այն պատված է մաշկով և վերջանում է թմբկաթաղանթով: Լսողական անցուղու դրսային մասի մաշկը պարունակում է մազիկներ և գեղձեր, որոնք ծծումբ են արտադրում և պաշտպանում արտաքին ականջը փոշուց և կեղտից: Թմբկաթաղանթը շրջանաձև է և անջատում է արտաքին ականջը միջին ականջից: Ձայնի ալիքները, դրսից մտնելով ականջ, տատանում են թմբկաթաղանթը:

  • Միջին ականջ

Միջին ականջը կազմված է փոքր խոռոչից` 1,3 սմ3տարողությամբ , որը լցված է օդով: Օդը հասնում է այնտեղ Եվստախյան խողովակով, որը միացնում է միջին ականջի խոռոչը քթըմպանի հետ:

Առողջ ժամանակ ծամելիս, թուքը կուլ տալիս կամ հորանջելիս խողովակը բացվում է, և օդը անցնում է միջին ականջ` առաջացնելով շատ բնորոշ ճտճտոց: Միջին ականջը անջատվում է ներքին ականջից ոսկրային պատով, որի վրա կան երկու փոքր բացվածքներ` օվալ և կլոր պատուհաններ:

Միջին ականջի վերին մասում տեղավորված են երեք փոքր լսողական ոսկրիկներ, որոնք միացնում են թմբկաթաղանթը օվալ պատուհանին: Դրանք մարմնի ամենափոքր ոսկրիկներն են , որոնք այնքան նուրբ են միացված միմյանց, որ ձայնի տատանումներն անցնում են մեկից մյուսին:

Այդ երեք ոսկրիկնեն են` մուրճը, որը ամուր ամրացված է թմբկաթաղանթին ներսի կողմից և երկրորդ ոսկրին` սալին, որն իր հերթին միացված է ասպանդակի գլխիկին: Ասպանդակի հիմքի թիթեղը մտնում է օվալ պատուհանի մեջ, որը արդեն ներքին ականջի մուտքն է:

Ձայնի ալիքը, մտնելով արտաքին լսողական անցուղի, տատանում է թմբկաթաղանթը, այդ տատանումները ոսկրիկների շղթայով հաղորդվում են օվալ պատուհանին` տատանելով ներքին ականջում եղած հեղուկը: Կլոր պատուհանը պատված է բարակ թաղանթով, որի շնորհիվ հնարավոր է դառնում հեղուկի ազատ շարժվելը:

  • Ներքին ականջ

Ներքին ականջը կամ լաբիրինթը պարույրաձև անցուղի է, որը տեղադրված է ոսկրի մեջ: Այդ շատ զգայուն կառուցվածքը բաղկացած է երկու մասից` խխունջից, որը լսողությունն ընկալող օրգան է, և կիսաբոլոր խողովակներից, որոնք իրականացնում են մարմնի հավասարակշռությունը:

Խխունջը 35 մմ երկարություն ունեցող մի խողովակ է, որը երկու անգամ պտույտ է տալիս իր առանցքի շուրջը: Նա պարույրաձև թաղանթով, որի վրա տեղադրված է Կորտյան օրգանը, կիսված է երկու մասի: Երկու մասն էլ լցված են հեղուկով: Ձայնի ալիքները օվալ պատուհանով անցնում են վերին անցուղով դեպի խխունջի գագաթը, վերադառնում ստորին ուղով, հասնում կլոր պատուհանին:

Վերին և ստորին ուղիների մեջ տեղադրված է Կորտյան օրգանը, որի կառուցվածքը կարելի է համեմատել դաշնամուրի ստեղների հետ: Այն կազմված է 17.000 բջիջներից, որոնք ունեն փոքր մազիկներ: Այդ մազիկները հենվում են ընդհանուր թաղանթի վրա և միանալով կազմում են լսողական նյարդը, որը գնում է դեպի ուղեղ:

Հաճախ խխունջային ծանրալսության ժամանակ քայքայված են լինում հենց այդ մազիկավոր բջիջները:

Ձայնի ալիքները, շարժելով խխունջի հեղուկը, շարժում են նաև մազիկավոր բջիջները և գրգռում լսողական նյարդը: Այդ իմպուլսը նյարդով ուղղվում է դեպի ուղեղ, որտեղ արդեն ընկալվում է որպես խոսակցություն, երաժշտություն և այլն: Ձայնի ալիքների ընկալումը հիշեցնում է կոդային համակարգի վերծանումը, ինչպես թվերի կոդերը: Նյարդի ճանապարհին դեպի ուղեղ կա առնվազն  6 կենտրոն, որտեղ կատարվում է վերծանումը:

Կիսաբոլոր խողովակները նույնպես հեղուկ և մազիկավոր բջիջներ են պարունակում: Հեղուկի շարժման ժամանակ գրգռվում են մազիկները և այդ գրգիռը նյարդով ուղղվում է դեպի ուղեղ` տեղեկություն տալով գլխի դիրքի կամ շարժման ուղղության մասին:

 

Աղբյուր` «Ինչ է ականջը և ինչպես ենք մենք լսում» գրքից