images

Նախևառաջ խուճապի մի՛ մատնվեք: Ոչ մի դեպքում չի կարելի կակազության վերաբերյալ մտահոգություն ցույց տալ և երեխայի ներկայությամբ անգամ գործածել “կակազություն” բառը: Չի կարելի երեխայից սահուն խոսք պահանջել, ամոթանք տալ և պատժել նրան, երեխային հայտարարել, որ նա սխալ ասաց, և խնդրել, որ ճիշտ խոսի: Եվ իհարկե, անթույլատրելի են նմանակումներն ու ծաղրանքը: Պայմաններ ստեղծեք երեխայի հուզական վիճակի կարգավորման համար:
Ինքնըստինքյան հարթ, հանգիստ, բարյացակամ վերաբերմունքը երեխայի հանդեպ, ներդաշնակ հարաբերություններն ընտանիքի բոլոր անդամների միջև կակազության բուժման անհրաժեշտ պայմանն են: Սակայն սա չի նշանակում, որ կակազող երեխային պետք է հիվանդ համարել, չափից դուրս խնամել և հանդուրժել նրա քմահաճությունները: Օգնեք երեխային փոխել խոսելու եղանակը: Հիշեք, որ երեխաները կրկնօրինակում են շրջապատող մեծահասակների խոսքը: Աշխատեք խոսել քիչ, առանց շտապելու, կարճ և հասկանալի նախադասություններով՝ գործածելով պարզ, երեխային ծանոթ բառեր: Ձեր խոսքը պետք է լինի հստակ, հակիրճ և սահուն: Կարևոր պայման է սովորել բերանն ավելի լայն բացելը՝ ճիշտ համակցելով ձայնավորները: Երեխայից չպահանջելով, որպեսզի ինքն էլ դանդաղ խոսի՝ ինքներդ խոսեք և նրա համար կարդացեք դանդաղ, սահուն, բերանը լայն բացելով, որպեսզի երեխան անգիտակցաբար, կրկնօրինակելով օգտվի այդ հնարքից: Նկատվել է, որ երկշաբաթյա նման խոսքային ռեժիմից հետո երեխաները, հետևելով ծնողներին, սկսում են ավելի դանդաղ ու ավելի հստակ խոսել: Իսկ խոսքի նոր կանոնների երկամսյա կիրառումն ընտանիքում թույլ է տալիս վերացնել սայթաքումներն առանց լոգոպեդի միջամտության:
Երեխային մի՛ հրահրեք խոսել: Նրան մի՛ տվեք չափազանց շատ հարցեր՝ ներգրավելով բարդ զրույցների մեջ: Վերլուծեք, թե քանի և ինչպիսի հարցեր եք տալիս Ձեր երեխային: Սովորեք դադար պահպանել՝ ինչ-որ բան ասելուց առաջ: Մեծահասակների որոշակի դանդաղկոտությունը միշտ տպավորիչ ազդեցություն է թողնում երեխայի վրա:
Մտածեք կազմակերպել երեխայի հետ Ձեր համատեղ կյանքն այնպես, որ նրան չշտապեցնեք: Ձեր խնդիրը երեխային դանդաղ խոսել սովորեցնելն է: Եվ դա դառնում է բացարձակապես անհնար, երբ սկսում եք շտապել ու շտապեցնել երեխային՝ նրա կյանքն ավելի լարված դարձնելով: Մոտավորապես ամեն երկրորդ երեխան չի հաղթահարում ծնողների կողմից առաջարկված տեմպը, ամենքի մոտ չի ստացվում կտրվել հետաքրքրաշարժ զբաղմունքից և կատարել Ձեր խնդրանքը: Երեխային, ինչպես նաև՝ ինքներդ Ձեզ, ժամանակի բավարար պաշար տվեք:
Երեխային չի կարելի արգելել խոսել, երբ նրա մոտ այդ կարիքն է առաջանում, հարցեր տալ, սիրելի գործով (երաժշտություն, նկարչություն և այլն) զբաղվել, գրքեր կարդալ, երբեմն դիտել մանկական հաղորդումներ, որոնց նա սովոր է: Ընդհանուր առմամբ կարևոր է ռեժիմը կազմակերպել այնպես, որ երեխայի մոտ խոսելու ցանկությունը հնարավորինս հազվադեպ առաջանա, այլ ոչ թե վիճել և արգելել նրան անել իր համար սովորական գործողությունները:
Կակազության դեպքում շատ օգտակար են շնչառությունը զարգացնող խաղերը: Երեխաների հետ օճառի պղպջակներ բաց թողեք, սովորեցրեք մոմերը փչել, ձողիկից փչել ջրով բաժակի մեջ, ձեռքից բամբակները փչել և այլն: Նման վարժությունները շատ են դուր գալիս երեխաներին և դրական ազդեցություն են թողնում խոսքի ձևավորման վրա:

 

Աղբյուր` harmonia.am