20140505-001Չնայած շատերն անհատական համակարգչով ուսուցմանը դեռ շարունակում են թերահավատորեն վերաբերվել, այնուամենայնիվ, անհերքելի է, որ այն տվեց իր դրական արդյունքները:
Լիլիթը սովորում է Գեղարվեստի կրտսեր դպրոցի երկրորդ դասարանում, ունի հաղորդակցման և հոգեբանական խնդիրներ, ինքնուրույն աշխատելու դժվարություններ: Նա ունի ուշադրությունը երկարատև կենտրոնացնելու խնդիր, սակայն ունի նաև լավ զարգացած տեսողական հիշողություն:  Մտավոր ունակությունների հետ կապված խնդիրներ չունի, ուստի նրա հետ անհատական համակարգչով ուսուցումը սկսեցինք իրականացնել հենց տարեսկզբից: Ի ուրախություն մեզ` նա արագ  յուրացրեց տառերը ստեղնաշարի վրա, ապա՝ սկզբում օգնությամբ, հետո արդեն ինքնուրույն կարողացավ աշխատել Paint նկարչական ծրագրով, ձեռք բերել մաթեմատիկական կարողություններ, կատարել տարբեր առաջադրանքներ, որոնք արդեն, շնորհիվ համակարգչային ուսուցման, հասու են դարձել նրա համար: Այժմ Լիլիթը կարողանում է ինքնուրույն մուտքագրել բառեր, բառակապակցություններ, արտաբերել դրանք, կատարել համապատասխան առաջադրանքը` լիարժեք ընդգրկվելով  ուսումնական պրոցեսին:
Կարողանում է ավելի երկար կենտրոնացնել ուշադրությունը, մուտքագրելով տեքստը սովորում է նաև ընթերցել այն: Հիմա արդեն համակարգչի օգնությամբ սկսել ենք ճանաչել անգլերեն և ռուսերեն տառերը: Ամենակարևորն այն է, որ Լիլիթը հստակ գիտակցում է, որ համակարգիչն ուսումնական գործիք է, այն ինքնուրույն միացնում և դրանով աշխատում է միայն, երբ անհրաժեշտ է լինում:
Լիլիթը սեփական հաջողություններից ոգևորված՝ դարձել է առավել ինքնավստահ և ինքնուրույն:

Հեղինակներ` Աննա Օհանյան, Կարինե Մամիկոնյան