Ֆոտոթերապիան համարվում է արտ – թերապիայի տեսակներից մեկը: 
1970 – ական թվականներին ԱՄՆ – ում և Կանադայում հոգեթերապևտները սկսեցին օգտագործել նկարը` որպես հոգեբանական խորհրդատվության գործիք:
Ֆոտոթերապիան օգտագործվում է նևրոզների, դեպրեսիաների, վախերի, ֆոբիաների, ինչպես նաև հոգեսոմատիկ հիվանդությունների բուժման նպատակով, ինչպես նաև օգնում է մարդկանց ձեռք բերել ինքնավստահություն և ազատվել հոգեկան լարվածությունից: Այս մեթոդը կիրառվում է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների հետ աշխատելիս:
Ոնենալով իր արխիվում մի շարք նկարներ` այցելուն հոգեբանական խորհրդատվության համար ընտրում է միայն նրանք, որոնք կարևոր են իր համար կյանքի հենց տվյալ ժամանակահատվածում:
Ֆոտոթերապիայի առավելություններից մեկը կայանում է նրանում, որ շատ դեպքերում այն ավելի դյուրին է դարձնում հոգեբանական քննարկումները, օգնում է այցելուին անկաշկանդ արտահայտել սեփական մտքերը, ապրումներն ու մտատանջությունները:
Հոգեթերապևտը նկարների միջոցով կարող է պարզել, թե ինչպես և կյանքի որ փուլում են սկսվել այցելուի հոգեբանական խնդիրները, ինչպես նաև հասկանալ, թե ինչպիսի փոխհարաբերությունների մեջ է գտնվում այցելուն իր ընտանիքի անդամների, ընկերների և առհասարակ շրջապատի հետ: Կարևոր նշանակություն ունի նաև այն, թե մարդ ինչ դիրքով է նկարվում, ինչ ֆոնի վրա և նկարներում ինչ գունային գամմա է գերիշխում: Կան մարդիկ, ովքեր ընդհանրապես չեն սիրում նկարվել կամ էլ նկարվելիս կանգնում են այնպես, որպեսզի հնարավորինս անտեսանելի լինեն:
Իր մոտ ունեցած նկարներից բացի, այցելուն կարող է նաև նոր նկարներ նկարել նաև թերապիայի ընթացքում, ինչպես նաև նա կարող է ֆոտոկոլաժ պատրաստել, մասնավորապես այն դեպքում, երբ խորհրդատվության թեման մոտավորապես հետևյալն է. «Իմ առողջությունը», «Իմ ընտանիքը», «Իմ ընկերները», «Իմ ներկան, անցյալն ու ապագան» և այլն:
Ֆոտոթերապիայով հետաքրքրված մարդիկ հաճախ այն օգտագործում են հետագայում ստեղծագործական ինքնաարտահայտման նպատակով: Սակայն, անհրաժեշտ է նշել, որ ստեղծագործական  լուսանկարչությունը, ինչպես նաև թերապիայի ընթացքում կիրառվող ինքնաարտահայտման այլ միջոցները կոչված չեն ցույց տալու մարդու ստեղծագործական կարողությունները,այլ պարզապես ծառայում են ինքնաարտահայտման, ինքնաճանաչման, սեփական թաքնված հնարավարությունների բացահայտման և հոգևոր պահանջմունքների բավարարման նպատակին:

http://www.harmonia.am