Հիպերկինետիկ խանգարում և ուշադրության դեֆիցիտ (ՀԽՈւԴ) տերմինով բնութագրում են այն երեխաներին, ովքեր ունեն իրենց տարիքին չհամապատասխանող և մշտապես առկա անուշադրության, հիպերակտիվության և իմպուլսիվության ախտանշաններ: ՀԽՈւԴ համախտանիշը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում: Վերջին տարիներին առաջ են քաշվել շատ հակասական տեսություններ, որոնք փորձում են բացատրել ՀԽՈւԴ-ի առաջացման պատճառները: Այս հարցին շատ դժվար է հստակ պատասխաններ տալ, քանի որ ախտորոշիչ գործընթացները ստանդարտացված չեն, իսկ հետազոտությունները բավական դժվարացել են:

Նշենք միայն, որ հիպերկինետիկ խանգարումը և ուշադրության դեֆիցիտն առաջանում է ներքին և արտաքին գործոնների ազդեցությամբ: Այն ուղեղային գործառույթների, վարքի և զարգացման համընդհանուր, քրոնիկ խանգարում է: Կոգնիտիվ և վարքային խնդիրները, որոնք առաջանում են այս խանգարման հետևանքով, ազդեցություն են թողնում գործունեության մի շարք ոլորտների վրա: Այս կերպ ՀԽՈւԴ համախտանիշի յուրաքանչյուր բացատրություն, որը շեշտը կդնի պատճառներից միայն մեկի վրա, ամբողջական չի լինի:

Հիպերակտիվության առաջին դրսևորումները հնարավոր է նկատել մինչև 7 տարեկան հասակը, որի դրսևորման բարձրակետը համընկնում է հոգեխոսքային զարգացման բարձրակետին` 1-2 տ., 3 տ. և 6-7 տ.: 1-2 տարեկանում արմատավորվում են խոսքի հմտությունները, 3 տարեկանում ավելանում է բառապաշարը, 6-7 տարեկանում ձևավորվում են գրելու և կարդալու հմտությունները: Հետազոտությունների մեծամասնությունը նշում է հիպերկինետիկ խանգարման և ուշադրության դեֆիցիտի առաջացման 3 հիմնական խումբ` ուշադրության դեֆիցիտ, իմպուլսիվություն, շարժողական ակտիվության բարձրացում: Դեռահասության շրջանում բարձր շարժողական ակտիվությունը սովորաբար վերանում է, իսկ իմպուլսիվությունը և ուշադրության դեֆիցիտը պահպանվում են:

Ինչպես է ընթանում

Մանկիկություն: Տպավորություն է ստեղծվում, որ ՀԽՈւԴ համախտանիշը կարող է լինել բնածին (որոշ մայրեր նշում են, որ նույնիսկ ներարգանդային կյանքում իրենց երեխան բավական ակտիվ է եղել, ունեցել են հաճախակի ցավեր): Սակայն մենք չենք կարող բնութագրել, թե ինչպես է այս խանգարումն արտահայտվում մանկիկության շրջանում, քանի որ մինչ այժմ չեն մշակվել հստակ մեթոդներ այն մինչև երեք տարեկան հասակը ախտորոշելու համար: Ծնողները տեղեկացնում են, որ մանկիկության շրջանում իրենց երեխան ունեցել է բարդ խառնվածք, եղել է ծայրահեղ ակտիվ, դյուրագրգիռ, եղել են նաև քնի և սնման խանգարումներ:

Նախադպրոցական տարիք: ՀԽՈւԴ համախտանիշը հայտնաբերվում է 3-4 տարեկանում, երբ աճող ինտենսիվությամբ սկսվում են դրսևորվել հիպերակտիվության և իմպուլսիվության նախանշանները: Այսպիսի երեխաները չմտածված և անկանխատեսելի արարքներ են անում, անկանոն անցում են կատարում մի բանից մյուսին, ձգտում են հասնել ակնթարթային արդյունքի, ուշադրությունը գրաված ազդակից արագ կորցնում են հետաքրքրությունը, բուռն և ոչ ադեկվատ են հակազդում ամենօրյա իրավիճակներին: Նախադպրոցականները, որոնց մոտ մեկ տարի շարունակ դիտվում է հիպերակտիվ-իմպուլսիվ և օպոզիցիոն վարք, ամենայն հավանականությամբ կունենան ՀԽՈւԴ:

Կրտսեր դպրոցական տարիք: Անուշադրությունը դրսևորվում և հայտնաբերվում է 5-7 տարեկանում և առավել նկատելի է դառնում, երբ երեխան հաճախում է դպրոց: Դասը, որը պահանջում է անընդհատ, կենտրոնացված ուշադրություն, դժվար փորձություն է այսպիսի երեխաների համար: Անուշադրության նշանները շարունակվում են արտահայտվել միջին դասարաններում` որպես հետևանք թողնելով ցածր առաջադիմություն, անկազմակերպվածություն, ուսուցիչների և հասակակիցների հետ շփման դժվարություններ: Այսպիսի երեխաներն առաջին դասարանից սկսած և մինչև դպրոցն ավարտելը լուրջ խնդիրներ են ունենում` կապված ինքնուրույնության, պատասխանատվության, անկախության հասնելու և այլնի հետ:

Դեռահասություն: Երբ այս համախտանիշով երեխաները հասնում են դեռահասության տարիքի, խնդիրները, որոնք կապված են այս խանգարման հետ, մասամբ չեն վերանում, այլ խորանում են: Չնայած հիպերակտիվություն-իմպուլսիվությունն այս տարիքում զգալիորեն հանդարտվում է, սակայն մակարդակն ավելի բարձր է մնում, քան հասակակիցների 95 տոկոսինը, ովքեր չունեն ՀԽՈւԴ:

Հասունություն: Ոմանց հաջողվում է ազատվել ՀԽՈւԴ-ի նախանշաններից, մյուսները սովորում են թաքցնել դրանք, սակայն շատերն ամբողջ կյանքի ընթացքում շարունակում են խնդիրներ ունենալ. աշխատանքային վայրում դժվարություններ` կապված հարաբերությունների հետ, դիտվում է դեպրեսիա, ագրեսիվություն, ցածր ինքնագնահատական, անձի խանգարումներ: Չնայած այս մարդկանցից շատերը վառ անհատականություններ են, հաճախ տանջվում են, որ չեն կարողանում ամբողջապես արտահայտել իրենց ներուժը: ՀԽՈւԴ համախտանիշը շատերի մոտ պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում:

Աղբյուր`  www.2ov.am