Տագնապը բոլորիս ծանոթ մի զգացում է, որն ունենում ենք մեզ համար անորոշ, անհասկանալի, անծանոթ, նոր, ինչպես նաև անհանգստություն առաջացնող իրավիճակներում: Եթե այդ իրավիճակը դառնում է մեզ համար հասկանալի, ծանոթ և որոշակի, տագնապը մարում է: Այստեսակ տագնապն իրավիճակային է` կապված կոնկրետ իրավիճակի հետ: Եթե տագնապային իրավիճակները երեխայի կյանքում գերակշռող են լինում, հնարավոր է արդյունքում ձևավորվի տագնապային անձ` մարդ, ով առավել շատ է հակված տագնապի: Վաղ մանկական տարիքում տագնապի պատճառ կարող են հանդիսանալ ծնողների վարքն ու վերաբերմունքը երեխայի նկատմամբ: Այնուհետև մանկապարտեզում կամ դպրոցում մեծահասակների վերաբերմունքն ու դաստիարակչական մոտեցումները կարող են ազդեցություն ունենալ երեխայի անձի ձևավորման վրա: Սակայն տագնապայնության առաջացման համար առավել կարևոր ազդեցություն են ունենում երեխայի միջավայրն ու ծնողները:

Երբ երեխան գտնվում է խաղաղ և կանոնավոր մթնոլորտում, առավել ամուր և վստահ է մեծանում: Երբ նորածին երեխայի կենսաբանական պահանջները բավարարվում են ժամանակին և կանոնավոր կերպով, դա նրան ապահովության և շրջապատի հանդեպ վստահության զգացում է տալիս: Ծնողների վստահությունն ու խաղաղությունը ևս անդրադառնում են փոքրիկի անձի ձևավորման վրա: Օրինակ՝ բազմազավակ ընտանիքներում միշտ նկատելի են առաջին և երկրորդ երեխաների բնավորության տարբերությունները. առաջնեկները միշտ ավելի անվստահ են և կաշկանդված, իսկ երկրորդ երեխաները՝ ավելի վստահ և համարձակ: Սա կապված է ծնողների փորձառության հետ: Առաջին երեխային նրանք միշտ առավել անվստահ և վախով են մեծացնում, իսկ երկրորդի դեպքում արդեն փորձառու են լինում և վստահ են գործում: Մանուկ հասակում տագնապայնության պատճառ կարող է լինել նաև մայրիկի խիստ անհանգստությունը փոքրիկի համար: Լինում են մայրիկներ, ովքեր երեխայի քունը հսկում են ամբողջ ընթացքում` օրորոցից չհեռանալով: Զարմանալիորեն այս վախերն ու տագնապները փոխանցվում են բալիկին:

Երեխայի մոտ բարձր տագնապայնություն կարող է առաջանալ, եթե`

– երեխայի ծնողները վախեցել են նրան կորցնել հղիության ընթացքում,
– երեխայի ծնողներն իսկ տագնապային անձինք են,
– նորածնության ժամանակ երեխան հոսպիտալացվել կամ մորից երկար ժամանակով բաժանվել է,
– ծնողները դժգոհ են սեփական կյանքից, աշխատավարձից, ապրելակերպից,
– երեխան ապրում է կոնֆլիկտային մթնոլորտում,
– երեխան ապրում է անհամապատասխան, ավելի հաճախ չափից մեծ պահանջների ներքո,
– երեխային շրջապատող միջավայրն անըդնհատ նրան դնում է կախյալ վիճակի մեջ,
– երեխան շրջապատված է հակասական պահանջներով դպրոցի կամ ծնողների կողմից և այլն:

Եթե ձեր երեխան մատն է ծծում, եղունգներն է կրծում, անընդհատ ճոճվում է աթոռի վրա, հաճախակի մատներով թմբկահարում է  սեղանին, անընդհատ անհանգստության մեջ է, մազերի հետ է խաղում, ունքերն է պոկոտում, ձեռքերի մեջ պտտում է տարբեր իրեր, հաճախակի օնանիզմով է զբաղվում, տարաբնույթ կրկնվող գործողույթուններ է կատարում, ինչ-որ բանի վրա կենտրոնանալու դժվարություն է ունենում, մկանային լարվածություն ունի, օրինակ պարանոցի կամ դեմքի հատվածում, դյուրագրգիռ է, քնի խանգարումներ ունի, ապա կարելի է ասել, որ երեխան բարձր տագնապայնություն ունի:

Աղբյուր`http://2ov.am