Մտավոր խնդիրներ ունեցող սովորողները ուսումնական նյութը յուրացնում են բազմակի վարժությունները կատարելուց հետո ու ավելի երկար ժամանակի մեջ, և նրանք կատարում են հիմնականում վերարտադրողական բնույթի առաջադրանքներ:

Ուսուցչի հարցադրումը պետք է լինի հստակ, ոչ երկարաշունչ նախադասություններով, պահանջեն նյութի պարզ վերարտադրում, քանի որ սովորողը չունի համադրելու, վերլուծելու, գիտելիքը վերակառուցելու հմտություն, ինչպես նաև էականն առանձնացնելու կարողություն:

Հարցման ժամանակ սովորողին կարելի է տալ պատասխանի օրինակելի պլան, որը նախօրոք կազմված է ուսուցչի կողմից:

Մտավոր խնդիրներ ունեցող սովորողը հեշտությամբ է կատարում առաջադրանքը, եթե այն կարդում են բարձրաձայն` ամբողջ դասարանի հետ միասին, կամ ուսուցչի ղեկավարությամբ: Սակայն պետք է նկատի ունենալ, որ ամբողջ դասարանի հետ կատարվող երկարատև աշխատանքը հոգնեցնում և ձանձրացնում է նրան:

Ուսուցման յուրաքանչյուր փուլում առաջադրանքների բազմազանությունը հնարավորություն է տալիս նախօրոք պլանավորել ուսումնաշտկողական աշխատանքների համակարգը և մշտական զարգացմանը նպաստող ուղիներ:

Ուսուցիչը պետք է խիստ ուշադիր մոտենա առաջադրանքների ընտրությանը, հաշվի առնելով մի շարք նկատառումներ: Այդ առումով հարկավոր է`

  • Հենվել ուժեղ կողմերի վրա, իսկ դրանք ճանաչելու համար հարկավոր է սովորողին անհատական աշխատանքի հնարավորություն տալ և հետևել, թե ինչ ընտրություն է կատարել:
  • Առաջադրանքներ ընտրելիս պետք է հիմք ընդունել սովորողի կենսափորձը. դա կօգնի նրան` ձեռք բերելու ուսումնառության ընթացքում հանդիպող դժվարությունները հաղթահարելու կարողություն:
  • Անհրաժեշտ է օգտագործել սովորողի` նախկինում ձեռք բերած գիտելիքները և ամենօրյա փորձառությունը:
  • Պետք է սովորողին անկաշկանդ արտահայտվելու հնարավորություն ընձեռել:
  • Նույնիսկ աննշան հաջողությունների դեպքում անհրաժեշտ է խրախուսել սովորողին:

Առաջադրանքների օգնությամբ պետք է բարձրացնել մատուցվող նյութի հանդեպ հետաքրքրասիրությունը: Քանի որ սովորողի մտածողությունը հիմնականում ակնառու-գործնական և ակնառու-պատկերավոր է, ուստի նպատակահարմար է դիդակտիկ նյութի օգնությամբ բազմազանություն մտցնել առաջադրանքների բովանդակության մեջ: Խորհուրդ է տրվում աստիճանաբար բարձրացնել առաջադրանքների և՛ բովանդակությունը, և՛ կատարման եղանակը:

Առաջադրանքները պետք է կառուցված լինեն այնպես, որ նրանց կատարման ընթացքում ուսուցիչն իմանա ոչ միայն այն, թե ինչ է յուրացրել սովորողը, այլ նաև թե ինչու է յուրացրել: Ո՞րն է պատճառը, և ինչ դժվարություններ կան, իսկ առաջադրանքները ստուգելիս պետք է խուսափել սովորողի վրիպումներն ընդգծելուց: Հարկավոր է տեղեկացված լինել նրա բոլոր փորձերին, որոնք սովորողը գործադրել է առաջադրանքները կատարելիս: Հարկ է նկատել, որ հարցման և արդյունքների վերլուծության ժամանակ անհրաժեշտ է ապահովել ջերմ մթնորոլտ և դրանով իսկ սովորողին խրախուսել հասնելու նոր հաջողությունների:

Առաջադրանքների բովանդակության աստիճանը պետք է համապատասխանի սովորողի հնարավորություններին, այլապես կառաջացնի հիասթափություն ուսման նկատմամբ: Դրա կատարման ընթացքում սովորողը պետք է ոչ թե տանջվի, այլ բերկրանք ստանա: Սա չի նշանակում, որ առաջադրանքները պետք է լինեն միօրինակ, կրկնվող և դյուրին: Դրանք պետք է ունենան դժվարություն, սակայն` լինեն հաղթահարելի: