Տարբեր պատճառներով պայմանավորված` մարդը հանկարծակի (երբեմն` մի քանի ժամում) կամ  ժամանակի ընթացքում կարող է ունենալ լսողության վատացում: Սակայն չարժե հուսահատվել, քանի որ միշտ էլ գործընթացը կարելի է կասեցնել ու լսողությունը լիարժեք վերականգնել: Լսողության վատացման հավանական պատճառներից  են ոչ միայն օտիտները (միջին ականջի բորբոքումներ), այլև ցանկացած վարակիչ հիվանդություն, որոշ դեղամիջոցների օգտագործում:

Լսողությունը կարող է ծանրանալ տարիքի հետ, ինչպես նաև  նյարդերի բնածին  արատների հետևանքով կամ անոթների խնդիրների, ծծմբային խցանով պայմանավորված, ռևմատիկ արթրիտի պատճառով:  Բացառիկ դեպքերում  լսողությունը վերականգնելու համար առաջարկվում է վիրաբուժական միջամտություն:

Մրսածության հետևանքով կարող է լսողական նյարդի բորբոքում առաջանալ, ինչը կարող է ազդել լսողության որակի վրա:

Ականջները  տարբեր պատճառներով կարող են ցավել: Օտիտից բուժվելուց  հետո պետք է ստուգել լսողությունը քիթ-կոկորդ-ականջի մասնագետի մոտ ու  համոզվել, որ  լիարժեք բուժվել եք: Եթե մնացորդային երևույթներ լինեն, ապա բժիշկը կառաջարկի  համապատասխան բուժում: Լսողության խնդիրների դեպքում հնարավոր է` նշանակվեն ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ:

Եթե հայտնի են լսողության վատացման պատճառները, ապա կարելի է  հակաբորբոքային դեղաբույսերով, ընդհանուր  ամրապնդող ազդեցությամբ միջոցներ կիրառել:

Ծծմբական խցանի առկայության դեպքում այն պետք է փորձել հեռացնել, ինչը շատ հեշտ կերպով անում են մասնագետները հաշված րոպեների ընթացքում:

Եթե լսողության խնդիրը լսողական նյարդի նևրիտն է, ապա  2-3 կաթիլ քաֆուրի (կամֆորա) ձեթը հարկավոր է խառնել մեկ պճեղ  ճզմած սխտորի հետ , ստացվածը թանզիֆով դնել հիվանդ ականջի վրա: Թողնել այնքան, որ ականջը սկսի  տաքանալ: Պետք է գործողությունը կատարել ամեն օր, քնից առաջ, այնքան, մինչև խնդիրը նահանջի:

Լիմոնի քառորդ մասը կեղևով ուտելն ամեն օր նույնպես բարելավում է լսողությունը:

Մրսածությունից հետո լսողության ծանրացման դեպքում ականջի մեջ կաթեցնել 7-8 կաթիլ նշի յուղ, մի օր աջ, մյուս օրը` ձախ ականջի մեջ:

Աղմուկը ականջներում

Աղմուկը,  ղողանջը կամ էլ  գվվոցը լսողական օրգանի տարբեր հիվանդությունների մասին են հուշում` սովորական ծծմբախցանից սկսած մինչև միջին ու ներքին ականջի լուրջ հիվանդություններ, կենտրոնական լսողական խանգարումներ (օտիտ, նևրիտ, աթերոսկլերոզ, Մենյերի հիվանդություն, եվստախյան փողերի պաթոլոգիա ևն): Դրանք առաջանում են ներքին ականջի  մանր անոթներում արյան շրջանառության խանգարումների հետևանքով, որոնք պատասխանատու են թթվածնի ու սննդարար նյութերի փոխանակման համար:

Սովորաբար ականջներում աղմուկի հետ նաև լսողության խանգարումներ են առաջանում: Ընդ որում, աղմուկի բարձրությունն ուղիղ համեմատական է հիվանդության զարգացման հետ: Հիվանդն այդ աղմուկը   համեմատում է  զանգի, ծղրիդների  բնաձայնի հետ: Հետաքրքիր է, որ այդ աղմուկն ուժգնանում է լռության մեջ:

Սակայն միշտ չէ, որ ականջներում լսվող աղմուկը լսողության խանգարման հետ է կապված: Այդ երևույթի պատճառ է նաև ներքին ականջի արյան շրջանառությունը, որն արյան բարձր ճնշման, աթերոսկլերոզի,  պարանոցի շրջանի օսթեոխոնդրոզի, ներզատիչ համակարգի, բորբոքային հիվանդությունների, գլխուղեղի ուռուցքների հետևանք կարող է լինել:

Եթե աղմուկը միշտ եք լսում, ապա խորհրդակցեք սրտաբանի, ներզատաբանի ու նյարդաբանի հետ:

Եթե երբեմն ականջները զրնգում են հոգեկան ու ֆիզիկական գրգռվածության, լարվածության ու հոգնածության հետևանքով, սովորաբար, նման երևույթն առանց բուժման էլ անցնում է, պարզապես հարկավոր է մի լավ հանգստանալ:

Երեխաների օրգանիզմը շատ զգայուն է շրջակա միջավայրի ազդեցությունների նկատմամբ, ուստի յուրաքանչյուր ծնող բախվում է  երեխայի լսողական խնդիրների հետ:

Հիմնական պատճառներից է օտիտը, որն ինքնին վտանգավոր է առաջացրած բարդություններով,  ինչպիսին է  լսողության կորուստը: Ուստի, եթե  կասկած ունեք, ապա անհապաղ դիմեք մասնագետի օգնությանը:

Աղբյուր`http://www.med-practic.com/