Սովորաբար հոգեբանները երազները դիտարկում են բացառապես որպես տեսողական փորձ: Սա նշանակում է, որ երազներ ունենում են միայն նրանք, ովքեր տեսնում են կամ երբևէ տեսել են: Սակայն երազներ տեսնում են նաև կույրերը և նույնքան վառ, որքան մյուսները:

Կույրերը միջավայրն ընկալում են ձայնի, համի, հոտի ու զգացողությունների, ինչպես նաև շարժման միջոցով: Մարդը, ով կույր է ծնվել կամ տեսողությունը կորցրել է վաղ հասակում, չունի աշխարհի մասին նույն պատկերացումները, ինչ տեսնող անձինք: Դրա համար էլ նրա երազները հագեցած են ձայներով, շարժումներով, շոշափելու զգացողությամբ, իսկ պատկերներն առհասարակ կարող են բացակայել:

Կույր մարդկանց երազների նկատմամբ հետաքրքությունն առաջացել է դեռևս 19-րդ դարում:

1838-ին գերմանացի գիտնական Գ. Գերմանը հստակ նշեց 5-7 տարեկան շրջանը, երբ երազները հարստանում են պատկերներով: Նրա հետազոտության մասնակիցները, ովքեր տեսողությունը կորցրել էին մինչև 5 տարեկանը, տեսողական պատկերներ երազներում չէին տեսնում։ Մինչև 7 տարեկանը տեսողություն ունեցողները 50 տարի շարունակել են տեսնել այն նույն երազները, որոնք տեսել էին մինչև կուրանալը: Իսկ 5-7 տարեկանում կույր դարձած մասնակիցների մեծ մասի երազներում աստիճանաբար թուլացել է պատկերային համակարգը, ու ինչպես ծնված օրվանից կույր մարդիկ, նրանց երազները ևս հարստացել են ձայներով, շոշափելու զգացողությամբ: Հետագա այլ հետազոտությունները ևս ապացուցել են դա: 1955-ին գերմանացի հետազոտող Գ. ֆոն Շումանն իր ուսումնասիրության մեջ օգտագործել է Գերմանի հետազոտության արդյունքները և հին հույն բանաստեղծ Հոմերոսի «Իլիական» և «Ոդիսական» էպիկական պոեմները, որոնցում նա պատմել է երազների մասին, որտեղ պատկերներն առհասարակ բացակայում էին, բայց ամբողջապես բաղկացած էին ձայնային և շոշափելիքի զգացողություններից: Շումանը հաստատեց, որ Հոմերոսը կույր էր և, հավանաբար, վաղ մանկության շրջանում էր կորցրել տեսողությունը:

Անցյալ դարի 20-ական թվականներին հետազոտող Էլինոր Դեյթչը հետազոտել է 67 դպրոցահասակ կույր երեխաների: Նա պարզել է, որ նրանց ընկալումները գլխավորապես ձայնային են, հետո` նաև շոշափողական: Հետազոտությանը մասնակցած աղջիկներից մեկը, օրինակ` ասել էր, որ երազում տեսել է, թե ինչպես է հայտնվում գոմեշների հոտում, դա տարբերակել էր ոտնաձայներից և մռնչյունից:

Աղբյուր`http://disabilityinfo.am/