Երեխաների խոսքը զարգանում է աստիճանաբար` անցնելով մի շարք փուլեր: Ահա դրանք:

1. Նախաթոթովանքի կամ գղգղանքի փուլ

Եթե հետծննդյան կյանքի առաջին-երկրորդ ամիսներին երեխան միայն լաց լինելով է արտահայտում իր վիճակը, ապա 2-3-րդ ամիսներից սկսած սկսում է ձայներ արձակել, որոնք կազմված են մեկ-երկու ձայնավոր և նույնքան էլ կոկորդային անորոշ հնչյուններից: Ընդ որում` նման ձայներ արձակում են ինչպես լսող, այնպես էլ ի ծնե խուլ երեխաները, ովքեր չեն լսում շրջապատողների խոսքը: Սա նկատի ունենալով` մասնագետները կարծում են, որ նախաթոթովանքը ժառանգական է և սոցիալական պայմանավորվածություն չունի, այն չի մտնում իսկական խոսքի զարգացման ընթացքի մեջ: Ձայներ արձակելը հաճույք է պատճառում երեխային և ֆունկցիոնալ խաղի նախնական, ամենապարզ տեսակն է: Եթե երեխան շրջապատված է սիրով և քնքշանքով, ապա ավելի հաճախ է ձայներ արձակում: Գղգղանքի փուլը տևում է մինչև 6 ամսականը:

2. Թոթովանքի փուլ

Թոթովանքի շրջանն սկսվում է 6 ամսականից: Այս փուլում երեխայի արձակած ձայներն իր շրջապատում խոսվող լեզվի հնչյուններն են: Դա նշանակում է, որ այս փուլում սոցիալական շրջապատն արդեն վճռական ազդեցություն է գործում երեխայի խոսքի զարգացման վրա: Թոթովանքի փուլով սկսվում է խոսքի զարգացման համար շատ կարևոր վանկային մեխանիզմի ձևավորումը: Այն կարևոր նախադրյալ է խոսքային մյուս մեխանիզմների ձևավորման համար: Թոթովանքին ակտիվորեն մասնակցում են լեզուն, լեզվի ծայրը, շուրթերը: Արտաբերվում են այնպիսի շրթնային հնչյուններ, ինչպիսիք են` բ, մ, պ, փ: 7 ամսականում երեխայի թոթովանքը շրջապատի կողմից ակտիվ աջակցության կարիք ունի: Ձևավորվում է աուտոէխոլալիա, երբ նա կրկնում է իր իսկ ասածը: 7-8 ամսական թոթովախոս երեխան կրկնում է մեկ ձայնավորից և մեկ բաղաձայնից կազմված բառերի շարքեր (մամա, պապա, տատա և այլն):

3. Պասիվ խոսքի փուլ

Մինչև մայրենի լեզվով առաջին բառերն արտասանելը երեխան անցնում է խոսքի զարգացման ևս մեկ փուլ: Երեխան դեռևս չի կարողանում խոսել, բայց հասկանում է շրջապատողների խոսքը` իրեն ուղղված մի շարք բառեր և պարզ նախադասություններ: 8-9 ամսականում նորմալ զարգացող երեխան կարող է հասկանալ հրամայական և հարցական կարճ նախադասություններ, և ընդ որում` երեխան հասկանում է ոչ այնքան նախադասության ընթացքը, որքան նրա հուզական կողմը, տոնը, շեշտադրումը, ժեստերը և դիմախաղը: Արդեն 10 ամսականում երեխան դրսևորում է վերլուծական մտածողության որոշ կարողություններ:

4. Ակտիվ արտաքին խոսքի փուլ

Այս փուլը կազմված է երկու ենթափուլից`
1. Իրադրական խոսքի ենթափուլ
2. Կապակցված համատեքստային խոսքի ենթափուլ

Իրադրական խոսքի ենթափուլ

Մոտավորապես մեկ տարեկանում նորմալ զարգացող երեխաների մեծ մասն սկսում է արտասանել առաջին բառերը, սակայն երեխաներն այս հարցում ունեն անհատական բավականին մեծ տարբերություններ: Որոշ երեխաներ կարող են ակտիվ խոսքի փուլին անցնել 2 տարեկանում կամ ավելի ուշ: Այսինքն` նրանց պասիվ խոսքի փուլը միջինից շատ ավելի երկար է տևում, նույնիսկ մինչև 3 տարեկան: Երեխայի արտասանած առաջին բառերը թոթովանքի ժամանակ արտասանվող հնչյունների զուգորդություններից կազմված բառերն են: Եթե թոթովելիս «մա-մա-մա» շարքը որևէ իմաստ չէր արտահայտում, ապա այժմ այդ զուգորդությունը կարող է նշանակել մայր:

Իրադրական խոսքը մեծ նշանակություն ունի ընտանիքի անդամների հետ երեխայի շփման և հիմնական պահանջմունքների բավարարման հարցում: Օրինակ` շատ երեխաներ «հաֆո կամ հաֆ-հաֆ» են ասում, երբ ուզում են ցույց տալ շանը կամ ինչ-որ միտք արտահայտել, որը կապված է շան հետ: Նմանատիպ բառերի կիրառումը պայմանավորված է կոնկրետ իրադրությամբ, որում տվյալ պահին հայտնվել է երեխան:

Կապակցված համատեքստային խոսքի փուլը և եսակենտրոն խոսքի խնդիրը

Խոսքի զարգացման այս փուլն սկսվում է 1.5- 2 տարեկանից: Երեխան արդեն կարողանում է կազմել 2 բառից` սովորաբար ենթակայից և ստորոգյալից կազմված նախադասություններ: Այս փուլում երեխայի խոսքը հանդես է գալիս որպես նրա գործողություններին ուղեկցող գործընթաց: Օրինակ` երեխան տուն պատրաստելիս ինքն իրեն խոսում է, տալիս է այն առարկաների անունները, որոնցով խաղում է: Ժ. Պիաժեն, հետո նաև Լ. Ս. Վիգոտսկին, ուշադրություն դարձրին այն հանգամանքին, որ երեխայի խոսքի և մտածողության զարգացման վրա խոր ազդեցություն են գործում այլ մարդկանց հետ փոխհարաբերությունները: Ժ. Պիաժեն առաջ քաշեց նաև «եսակենտրոն խոսքի» մասին իր տեսակետը: Եսակենտրոն է երեխայի այն խոսքը, որը նախատեսված է հենց իր համար, իսկ «սոցիալականացված» խոսքն ուղղված է ուրիշներին: Ըստ Պիաժեի` եսակենտրոն խոսքը ժամանակի ընթացքում մարում ու անհետանում է: Լ.Ս. Վիգոտսկին, քննադատորեն վերլուծելով Պիաժեի տեսակետը, առաջ քաշեց այն միտքը, որ երեխայի խոսքի ցանկացած տեսակ սկզբից ևեթ սոցիալական է: Փորձելով պարզել, թե երեխայի կյանքում ինչ նշանակություն ունի եսակենտրոն խոսքը, հանգեց այն եզրակացությանը, որ խոսքի այդ տեսակը սոցիալական ծագում ունի և ժամանակի ընթացքում ոչ թե անհետանում է, այլ դառնում է ներքին խոսք: Որոշ տվյալներ վկայում են, որ 2-3 տարեկան երեխայի եսակենտրոն խոսքը կապված է խնդրային իրադրությունների հաղթահարման հետ: Երբ երեխան հայտնվում է խնդրային իրադրության մեջ, որտեղ պետք է հաղթահարի չնախատեսված դժվարությունները, նրա ինքնաբուխ եսակենտրոն խոսքը անմիջապես ակտիվանում է: Այս փաստը ցույց է տալիս, որ խոսքի այս տեսակը ծառայում է խնդիրների լուծմանն ու խնդրային իրադրությունների հաղթահարմանը, այսինքն` երեխայի ադապտացիայի ապահովմանը:

5. «Ի՞նչ է» և «ինչո՞ւ» հարցերի փուլ

Մոտավորապես 2-2.5 տարեկանից սկսած երեխան բազմաթիվ հարցեր է տալիս շրջապատող առարկաների և երևույթների մասին: Սկզբնական շրջանում այդ հարցերը հիմնականում առարկաների անուններն իմանալու խնդիրն են լուծում և ունենում են «ի՞նչ է սա» ձևը: Երեխան նմանատիպ հարցեր է տալիս, ընդ որում` նույն առարկայի անունը նա կարող է հարցնել մի քանի անգամ: Այդ ձևով նա ոչ միայն ստուգում է իր իմացածը, այլև հաղորդակցվում է մեծահասակների հետ: 3-3.5 տարեկանում երեխայի հարցերի բնույթն արդեն փոխվում է: Նա ցանկանում է իմանալ ոչ միայն առանձին առարկաների անունները, այլև դրանց ծագումը` ով է դրանք գնել, ինչի համար և այլն: Այլ կերպ ասած` նրան արդեն հետաքրքրում են առարկաների և երևույթների պատճառահետևանքային կապերը: Այս շրջանում շատ կարևոր է ծնողների վերաբերմունքը երեխայի հարցասիրության նկատմամբ: Նրանք պետք է հնարավորին չափով բավարարեն երեխայի հետաքրքրասիրությունը, քանի որ պատասխանելուց հրաժարվելը երեխային կզրկի գիտելիքներից և աստիճանաբար կհասցնի հետաքրքրասիրության նվազման: Եթե ծնողը չգիտի երեխայի հարցի պատասխանը, ապա չպետք է կեղծ պատասխան հորինի. ավելի լավ է պատասխանել իմանալուց հետո:

6. Խոսքի զարգացման գերագույն փուլ

Կան երեխայի խոսքի զարգացման գերագույն փուլեր, որոնց իմացությունը մեծ նշանակություն ունի: Դրանք այն փուլերն են, որոնց ընթացքում երեխայի խոսքի զարգացումը խիստ արագանում է: Դրանցից առաջինն սկսվում է 2-2.5 տարեկանում և տևում է մինչև 6-7 տարեկանը: Պարզվում է, որ եթե այս փուլը լիարժեք չի օգտագործվում մայրենի լեզվի յուրացման համար, ապա հետագայում կորցրածը լրիվ փոխհատուցելն անհնարին է դառնում: Ընդ որում` խոսքի ոչ լիարժեք զարգացումը հանգեցնում է իմացական ոլորտի զարգացման դանդաղեցման: Երեխան մայրենի լեզուն յուրացնում է մինչև 5-6 տարեկանը:

7. Բարդ նախադասությունների և քերականության յուրացման փուլ

Արդեն 2 տարեկան երեխան, որի խոսքին բնորոշ են առանձին բառերը և պարզ նախադասությունները, երբեմն կարող է օգտագործել նաև 3 կամ ավելի բառերից կազմված նախադասություններ: 2.5-3 տարեկան երեխաներն իրենց մտքերն արտահայտում են բավականին բարդ նախադասություններով: Երեխայի խոսքի քերականությունը կարելի է ուսումնասիրել սկսած այն պահից, երբ նա առաջին անգամ կապակցում է բառերը: Այդ պահից երեխայի խոսքը կառուցիկ է դառնում, կանոնավոր, սակայն կառուցվածքները տարիքին զուգընթաց փոփոխվում են: Սկզբնական փուլերում երեխայի խոսքի կառուցվածքը չի համընկնում մեծահասակի խոսքի կառուցվածքին: Այդ շրջանում երեխայի խոսքում գերակշռում են առանցքային կամ հիմնական բառերը (էլի տուր, էլի կարդա, էլի թռցրու): Նման բառերի թիվը դանդաղ է աճում` ամսական 4-5 բառով: Այս տարիքում հանդիպում են նաև ենթակա-ստորոգյալ պարզ կառուցվածքով բազմաթիվ նախադասություններ: Սկսած այն պահից, երբ երեխան սկսում է 2–ից ավել բառերով կազմված նախադասություններ գործածել, արդեն հնարավոր է դրանք վերլուծել ըստ խոսքի մասերի: Այսպիսով, 2-3 տարեկանում նախադասություններ կազմելիս երեխան ենթագիտակցորեն ելնում է որոշակի քանակական սկզբունքներից: Դրա շնորհիվ էլ նրա նախադասությունները որոշակի կառուցվածքներ են, այլ ոչ թե բառերի պարզ շարքեր:

Աղբյուր`http://2ov.am/