images (1)

Ո՞ր տարիքից է հարկավոր ստուգել երեխայի լսողությունը

Երեխայի լսողությունը պետք է ստուգել ծնվելուց 3-5 օր անց: Ստուգման եղանակները տարբեր են: Բժիշկը կարող է առանց որևէ միջամտության անել դա` հետևելով, թե երեխան ինչպես է արձագանքում շրջապատի ձայներին: Կա նա բարդ եղանակ, որի դեպքում հատուկ սարքերի միջոցով ստուգվում է երեխայի ուղեղի՝ լսողության համար պատասխանատու կենտրոնը: Սրանք անվնաս ու անցավ մեթոդներ են ու որևէ վատ ազդեցություն չեն կարող թողնել փոքրիկի առողջության վրա:

Ո՞ր տարիքից կարելի է լսողական սարք օգտագործել

Այն ժամանակ, երբ ձեր երեխայի բժիշկը որևէ խնդիր կնկատի, դիմեք հատուկ մասնագետին: Որքան արագ երեխան սկսի լսողական սարք օգտագործել, այնքան ավելի լավ: Մի՛ հետաձգեք դրանց ձեռքբերումն ու մի՛ մտածեք, թե երեխան դեռ փոքր է դրա համար: Նման մոտեցմամբ միայն կվնասեք նրան, ուրիշ ոչինչ:

Փոքրիկների մոտ լսողության հաշվին էլ զարգանում է խոսքը: Այն շրջանը, երբ երեխան լսում է, բայց դեռ չի խոսում, շատ կարևոր է հետագայի համար: «Լսողության տարիքը», որ տևում է մինչև 18 ամսականը, կարևոր ընթացք է, քանի որ վատ լսելու պատճառով երեխայի խոսքը չի կարող ճիշտ զարգանալ: Անցանկալի հետևանքներից խուսափելու համար հարկավոր է երեխայի մոտ բարձրացնել ձայնի հզորությունը:

Լսողական սարքն արդյոք չի՞ վնասի երեխային

Այն կարծիքը, թե լսողական սարքերը տարիների ընթացքում ավելի են վատացնում մարդու լսողությունը, արդեն անցյալում է, որովհետև այսօր զարգացած տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս կանխելու նման միջադեպերը: Անցյալի սարքերն այսօրվա պես չէին ու հնարավոր չէր ըստ անհատի կարիքի կարգավորել ձայնի հզորությունը, ինչն էլ տարիների ընթացքում կարող էր վնասել սարքն օգտագործողին: Այսօր սարքի ճիշտ ընտրությունն ու օգտագործումը միայն օգտակար կարող են լինել երեխաների և մեծահասակների համար:

Կա՞ն արդյոք լսողական սարքերից օգտվելու հակացուցումներ

Այո՛, որոշ դեպքերում պետք է այլընտրանք գտնել: Խորհուրդ չի տրվում լսողական սարք օգտագործել, եթե երեխան ունի ականջի խոռոչի բորբոքումներ, վեստիբուլյար ապարատի դիսֆունկցիա, կամ էլ փոքրիկն էպիլեպսիա ունի: Ամեն դեպքում սարքն օգտագործել սկսելուց առաջ պետք է խորհրդակցել մասնագետի հետ:

Ինչպե՞ս ճիշտ սարք ընտրել

Լսողական սարքի գլխավոր «առաքելությունը» երեխային հնարավորինս մաքուր և հստակ ձայն ապահովելն է: Այսօր շուկայում բազմաթիվ սարքեր կան` բազմաթիվ ընկերությունների արտադրած: Յուրաքանչյուր երեխայի նկատմամբ պետք է անհատական մոտեցում ցուցաբերել: Սարքը պետք է ընտրել մասնագետի օգնությամբ և ցուցումներով` գնահատելով երեխայի կարիքը, հենվելով հետազոտության արդյունքների վրա, որպեսզի կարգավորումները ճիշտ արվեն, ու սարքն իսկապես արդյունք տա: Խորհուրդ չի տրվում ինքնուրույն գնել ու դա տրամադրել երեխային:

Մե՞կ, թե՞ երկու սարք

Աշխարհը լի է ձայներով: Մարդու ականջներն ալեհավաքի պես են ու այդ բոլոր ձայները հավաքում, ուղարկում են գլխուղեղ՝ դրանք վերամշակելու համար: Պատահական չէ, որ բնությունը մեզ երկու ականջ է տվել: Ձայնի որակյալ ընկալման համար մեզ երկու ականջն էլ հարկավոր է: Բազմաթիվ հետազոտությունների արդյունքները վկայում են, որ հնարավորինս լավ արդյունք ստանալու համար ավելի լավ է 2 սարք օգտագործել: Դա օգնում է ավելի ճիշտ ընկալելու ձայնի ուղղությունն ու ճիշտ կողմնորոշվելու: Երեխային անհրաժեշտ է իմանալ, թե իր լսած ձայնը ո՛ր կողմից է գալիս:

Արդյոք կարելի՞ է երեխաներին ականջի ներսում դրվող սարք օգտագործել

Երեխաների մեծ մասն ամաչում է լսողական սարք օգտագործելուց ու հարկ է լինում նրանց համար այլ տարբերակ ընտրել: Այլ տարբերակը կարող է ականջի ներսում դրվող սարքը լինել: Պարզապես հարցն այն է, որ նման սարքերն անհատական են, ու յուրաքանչյուր մարդու համար պետք է իր ականջի լսողական անցուղու չափով ընտրել: Քանի որ երեխաներն արագ են մեծանում, դրանք ավելի հաճախ պետք է փոխել: Միայն 14 տարեկանից հետո կարելի է երկարաժամկետ օգտագործման համար ձեռք բերել դրանք:

Շատ կարևոր է, որ ծնողներն օգնեն երեխաներին ազատվելու բարդույթներից ու կրել սարքերն այնպես, ինչպես, օրինակ` կոշիկ են հագնում: Երեխան պետք է հասկանա ու սովորի, որ սարքերն օգտակար են իր համար, ու դրանով ինքը տգեղ կամ ամոթալի տեսք չի ունենում: Նշենք նաև, որ հիմա սարքերի արտաքին տեսքը բավականին փոխվել է, ու կան նաև թափանցիկ սարքեր, որոնք այնքան էլ աչքի չեն զարնում:

Կարելի՞ է երեխաներին ծրագրավորվող կամ թվային սարքեր օգտագործել

Մեր օրերում նման սարքերը մեծ ձեռքբերում են համարվում: Ծրագրավորվող սարքերի կարգավորումներն արվում են համակարգչի օգնությամբ: Դա հնարավորություն է տալիս լավագույնս հաստատել կարգավորումները` ելնելով անհատի կարիքներից:

Թվային սարքերն էլ իրենցից ներկայացնում են փոքրիկ, հզոր համակարգիչներ, որոնք հնարավոր է ոչ միայն կարգավորումների միջոցով հարմարեցնել, այլ նաև կառավարել նրա ամբողջ աշխատանքը:

Ծրագրավորվող և թվային սարքերը շատ փափուկ և մաքուր ձայն են ապահովում: Թվային սարքերը նույնիսկ կարողանում են ընդհանուր աղմուկից առանձնացնել մարդկանց ձայները: Դա հնարավոր է դառնում հատուկ ինքնակարգավորվող ազդանշանի միջոցով:

Օրվա մեջ քանի ժամ երեխաները պետք է կրեն սարքերը

Լսողական սարքը պետք է ձեր երեխայի անբաժան ուղեկիցը լինի: Նա այն պետք է կրի արթնանալուց անմիջապես հետո ու դրանից բաժանվի, երբ պառկում է քնելու: Դա պետք է կանոն դառնա ձեր ու ձեր փոքրիկի համար, որպեսզի նա առանց ձեզ էլ կարողանա սարքն օգտագործել:

Ինչպես երեխային օգնել սարքին հարմարվելու

Թվում է, որ եթե երեխան սկսել է սարք օգտագործել, լսողության բոլոր խնդիրներն արդեն հաղթահարված են: Սակայն դա այդպես չէ, քանի որ երեխան մեկ օրում պարզապես չի կարող լսողական սարքին սովորել: Նա պետք է սովորի սարքի միջոցով ձայնն ընկալել:

  • Երեխայի հետ հեռվից մի՛ խոսեք: Կանգնեք նրանից 1,5-2 մետր հեռավորության վրա ու այդպես խոսեք: Երեխայի հետ մի՛ խոսեք մյուս սենյակից, եթե նա ձեզ չի տեսնում:
  • Եթե երեխան մեկ սարք է կրում, նրան հենց այդ կողմից մոտեցեք:
  • Փորձեք հնարավորինս իջեցնել շրջապատի ձայներն այն պահին, երբ խոսում եք երեխայի հետ, օրինակ՝ իջեցրեք հեռուստացույցի ձայնը, փակեք լուսամուտը և այլն:
  • Եթե լսողական սարքի օգտագործման սկզբնական փուլում երեխան չի հասկանում ձեզ, երբ խոսում եք՝ մի՛ ճչացեք, մի՛ բարձրացրեք ձեր ձայնը: Ավելի լավ է նրան ավելի մոտ կանգնեք, ավելի դանդաղ ու պարզ խոսեք:
  • Հստակ ու բնական խոսեք: Հետևեք ձեր խոսքի արագությանը:

Աղբյուր`http://parents.disabilityinfo.am/