Ի՞նչ է հիպոթերապիան:

Բառացի թարգմանությամբ հիպոթերապիա բառը նշանակում է բուժում ձիու միջոցով, հունարեն «հիպոս»` ձի բառից: Թերապիայի այս տեսակը ունի շատ հին պատմություն, հիպոթերապիայի մասին են խոսել բժշկության հայր Հիպոկրատը, Դենի Դիդրոն, շատ ուրիշ փիլիսոփաներ, սակայն ինչ-ինչ պատճառներով այն մոռացության է մատնվել, և միայն անցյալ դարի 80-90-ական թվականներից նորից սկսել են ուսումնասիրել այն՝ որպես բժշկության ժամանակակից ճյուղ:

Ի՞նչ խնդիրների դեպքում կարելի է կիրառել հիպոթերապիան:

Խիստ լայն է հիպոթերապիայի դրական ազդեցության գոտում գտնվող հիվանդությունների շրջանակը, այն հատկապես արդյունավետ է մանկական ուղեղային կաթվածի, ինչպես նաև Դաունի համախտանիշի, աուտիզմի, շիզոֆրենիայի ժամանակ, ողնաշարի խնդիրների, հուզական, նյարդային, մտավոր խնդիրների դեպքում, հետկաթվածային վերականգնման ժամանակ: Իսկ եթե սրանց հավելենք նաև գիշերային անմիզապահությունը, չբերությունը, շագանակագեղձի խնդիրները, ապա միևնույն է` մեր ցուցակը դեռ շատ թերի կլինի:

Հատկապես խիստ զգույշ պետք է լինել այն դեպքում, երբ երեխան ունի բյուրեղային` փխրուն ոսկորների համախտանիշ, քանի որ մեծ է երեխայի վնասվելու վտանգը: Հիպոթերապիան հակացուցված է երիկամային մեծ քարերի դեպքում:

Ի՞նչ ազզդեցություն ունի հիպոթերապիան երեխաների վրա:

Ֆիզիկական ազդեցությունները հետևյալն են՝ ձին քայլելիս անում է մեջքի նույն տատանումները, ինչ մարդը, սա շատ կարևոր է հենաշարժական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների և մեծահասակների համար: Հենաշարժական խնդիր ունեցող անձը նստում է ձիու վրա այնպես, որ նրա և ձիու ծանրության կենտրոնները համընկնեն: Այսկերպ, եթե երեխայի մոտ վնասված է ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է շարժման համար, ապա այն սկսում է ստանալ ճիշտ շարժման ազդակներ, քանի որ ձիու ճիշտ քայլելու հետևանքով երեխայի մկանները նույնպես սկսում են ճիշտ շարժվել:

Ֆիզիկական մյուս ազդեցությունն այն է, որ ձիու մարմնի ջերմաստիճանը 1-1,5 աստիճանով բարձր է մարդու մարմնի ջերմաստիճանից, և, նստելով ձիու վրա, մարդու մկանները ստանում են հզոր ջերմային մերսում: Կա ևս մեկ ֆիզիկական ազդեցություն՝ մեկ րոպեի ընթացքում ձին տարբեր ուղղություններով կատարում է 110 տատանում, և նրա վրա նստած մարդու մկանները կրկնում են այդ տատանումները: Հեծյալը ստիպված համախմբում է բոլոր մկանները՝ հավասարակշռությունը պահելու համար: Հավասարակշռության վերականգնումը, կարելի է ասել, ամենահեշտ լուծվող խնդիրներից է հիպոթերապիայի մեջ:

Ֆիզիկական ազդեցությունը ամփոփելով՝ կարող ենք ասել, որ հիպոթերապիան մեկտեղում է ֆիզիոթերապիան և մերսումը:

Իսկ հուզական ազդեցությունն այն է, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ միշտ չէ, որ ընդունվում են հասարակության կողմից: Ծնողները նույնպես երեխային վերաբերվում են որպես թույլ էակի: Գտնվելով հոգեբանի, լոգոպեդի կամ մեկ այլ մասնագետի մոտ՝ երեխան լսում է նրանց հրահանգները, ինչը հիմնականում ճնշում է նրան, իսկ այստեղ երեխան, նստելով ձիու վրա, վիզուալ բոլորից բարձր է լինում: Նա տեսնում է, որ, լինելով ավելի կարճահասակ և փոքր, ոչ միայն վիզուալ բոլորից բարձր է, այլ նաև ինքն է կառավարում այդ մեծ կենդանուն: Այս փաստն ինքնըստինքյան բարձրացնում է երեխայի ինքնագնահատականը:

Հուզական ոլորտի վրա նաև դրական ազդեցություն է ունենում ձիուն կերակրելը, նրան խնամելը, նրա հետ խաղալը, նրան շոյելը: Երեխան հիպոթերապիան ընկալում է որպես խաղ և հաճույք է ստանում դրանից:

Եթե երեխան վախենում է ձիուց, ապա ինչպե՞ս են աշխատում նրա հետ:

Եթե երեխան վախենում է ձիուց, ապա աստիճանաբար են նրան վարժեցնում՝ հենց սկզբից նա ձի չի նստում, այլ նայում է, թե ինչպես են մյուսներն անում, ապա սկսում է խնամել ձիուն, կերակրել նրան, այդպես աստիճանաբար վախը հաղթահարվում է:

Իհարկե , երբ երեխան կառավարում է կենդանուն, մասնագետը՝ հիպոթերապիստը, անպայման ուղեկցում է նրան և երբեք ոչ մի երեխայի մենակ չի թողնում, այսպիսով, ապահովվում է երեխայի անվտանգությունը: Եթե երեխան չի կարողանում պահել մեջքը և գլուխը, հիպոթերապիստը երեխայի հետ միասին նստում է ձիու վրա:

Յուրաքանչյուր ձի կարող է ծառայել հիպոթերապիայի համար, սակայն նախքան այդ նպատակին ծառայելը ձիուն պետք է հատուկ վարժեցնել: Օրինակ` եթե երեխան նստի ձիու վրա և ոտքով խփի նրան, ապա սովորական ձիու համար դա շարժվելու հրահանգ կլինի, իսկ հիպոթերապիայի համար վարժեցված ձին չի շարժվի այդ հարվածից, նա կսպասի հիպոթերապիստի հրահանգին:

Բացի այդ, հիպոթերապիայի համար նախատեսված ձին քայլում է այն արագությամբ ինչ արագությամբ կքայլեր իր վրա նստած երեխան: Օրինակ`եթե ձիու վրա նստած է 2 տարեկան երեխա, ապա ձին քայլում է այն արագությամբ, ինչ արագությամբ կքայլեր այդ տարիքի երեխան, իսկ եթե 7 տարեկան երեխա է նստած, ապա ձին քայլում է այդ տարիքի համապատասխան արագությամբ:

Նշենք նաև, որ հիպոթերապիայով կարելի է զբաղվել 9 ամսականից, քանի որ այդ ժամանակ է, որ խնդիր չունեցող երեխան արդեն կարողանում է ինքնուրույն պահել իր մեջքը և գլուխը:

Հարցազրույց հիպոթերապիստ Հասմիկ Հովհաննիսյանի հետ:

Աղբյուր`disabilityinfo.am