12193815_516364575204548_4913586259444756642_n

Նախակրթարանի 2-4 տարեկանների տարատարիք խումբ. այն արդեն իսկ ենթադրում է ճանաչողական, խոսքի, հոգեբանական զարգացման  տարբեր մակարդակներ:  Մեր համատեղ` դաստիարակ-լոգոպեդ համագործակցությունը հենց սկսվեց` մտածելով իրագործել այնպիսի ընդհանուր զարգացնող խաղ-վարժությունների շարք, որոնք հետաքրքիր, արդյունավետ կլինեն խմբի  բոլոր սաների համար:

Սկսեցինք Բլբլավարժություններից `միասին հայտնաբերեցինք, թե մեր խոսքն, առհասարակ, ինչպես է ստեղծվում-ծնվում։ Կարևոր է, որ սանն ինքը բացահայտի, մեկնաբանի, համեմատի, եզրակացնի: Եթե չի էլ ամփոփի մտքում, մեկ է, մտքում կամ ենթագիտակցության մեջ մի կարևոր ինֆորմացիա կմնա: Սա մի փոքրիկ քայլ է՝ դեպի սեփական խոսքի ինքնակարգավորում, վերահսկում և, իհարկե, արժևորում: Կամաց-կամաց երեխան սեփական խոսքին հետևելու սովորություն է ձեռք բերում: Այդ վարժություններից հետո փորձեցինք «ս» և «շ» հնչյունների արտասանման տարբերությունները պարզել, որոնք հաճախ են շփոթվում այս տարիքային խմբերում: Օգտագործելով մեր վերլուծիչները՝ տեսողական, լսողական, շոշափողա-շարժողական, միասին հայտնաբերեցինք, թե որքան տարբեր են այդ երկու, առաջին հայացքից իրար նման, հնչյունները: Իսկ դրա տրամաբանական շարունակությունը մեր հաջորդ խաղ-վարժությունն էր, որի ժամանակ բոլորս դարձանք զատիկներ և բզեզներ. խմբի սաների մի մասը սկսեց «բզզալ» զատիկների նման, մյուս մասը՝ «դժժալ» բզեզների նման: «Խաղալիքները» «զ» և «ժ» հնչյուններն էին, և երեխաներն սկսեցին տարբերակել այդ հնչյունները:

Խոսքային հմտությունների ուղղությամբ հաջորդ վարժությունը. ունկնդրում էինք բնաձայնություններ, փորձելով գուշակել՝ ինչ ձայն է, և վերարտադրել լսած ձայնը: Դա ուսումնական աշխատանք է բոլորի համար. երբ սանը նոր-նոր է սկսում առանձին վանկեր, բառեր արտաբերել, բնաձայնությունները կրկնելը նրա համար ոչ միայն զվարճալի, այլ նաև օգտակար  վարժություն է, իսկ ավելի զարգացած խոսք ունեցողը ճանաչում և տարբերակում է բնության, կենդանիների ձայները:

Խոսքը միայն ձայնարտաբերում չէ, այն մեր արտաբերական օրգանների համակցված շարժումն է՝ համապատասխան խոսքային շնչառությամբ: Ուստի համատեղ որոշեցինք խմբում անցկացնել շնչառական վարժությունների շարք, որի ժամանակ սաները, նախևառաջ  ստացան դրական հույզեր, ինքնաբուխ էին, առանց լարվածության  կենտրոնացված ու ինքնավստահ: Խոսքային ճիշտ շնչառությունը ստեղծում է սահուն, արտահայտիչ խոսք, ուստի խմբում անհրաժեշտ համարեցինք ժամանակ առ ժամանակ կիրառել:

Խոսքն, ինչպես վերը նշեցինք, նաև շարժում է, ուստի անհրաժեշտ է զարգացնել ընդհանուր և, հատկապես, նուրբ շարժումները: Որքան ճկուն և շարժունակ լինեն մատիկները, այնքան ավելի հեշտ կհաղթահարվեն խոսքային մի շարք խնդիրներ: Որոշեցինք սկսել սաների ամենասիրած գործունեություններից մեկով՝ խմորով աշխատանքով. խմորը միաժամանակ դարձրինք  թե՛ մատների ճկունությունն ապահովող միջոց, թե՛ համրելու և  թե՛ երևակայական կերպարներ ստեղծելու միջոց:

Սանի հետ աշխատանքը պետք է լինի անընդհատ, շարունակական՝ խմբում, թե տանը, արձակուրդի, թե նույնիսկ հիվանդության ժամանակ ՝ ներգրավելով առցանց ուսուցման մեջ, աշխատելով սկայպով:

Մասնագետ-դաստիարակ համագործակցությունը, անխոս, շատ կարևոր է և արդյունավետ, սակայն առանց ծնողի ներգրավման, միևնույն է դառնում է ոչ լիարժեք և թերի: Ուստի ծնողը պետք է դառնա մեր սեմինարի, ընդհանուր գործունեությունների ակտիվ մասնակիցը՝ անմիջապես մասնակցելով,  մշտապես հետևելով դաստիարակի, մասնագետի բլոգներին, դառնա առավել իրազեկ, իրեն հուզող հարցերի պատասխանները ստացող, վստահ:

Հեղինակներ՝ Աննա Օհանյան, Նելի Արղության