20150506-011

Ծնողները հաճախ փորձում են, որքան հնարավոր է, շուտ սովորեցնել երեխաներին գույների անվանումները: Կարիք չկա շտապել: Երեխան սովորաբար սկսում է հետաքրքրվել գույների տարբերակմամբ  2-3 տարեկանում: Եթե ձեր երեխան չի ուզում սովորել գույները, ապա դեռ ժամանակը չէ: Սովորաբար, այն երեխաները, ովքեր սկսում են հետաքրքրություն ցուցաբերել գույների հանդեպ , սկսում են տարբերակել և անվանել / եթե իհարկե արդեն կարողանում են խոսել/  շատ արագ՝  մի քանի շաբաթվա կամ նույնիսկ օրերի ընթացքում:

Նախքան գույների անվանումները սովորեցնելը, հարկավոր է համոզված լինել, որ երեխան դրանք տարբերակում է: Ոմանց մոտ մինչև 3-4 տարեկան հասակը այն դժվարություն է առաջացնում: Այդ իսկ պատճառով  նպատակահարմար է սկսել գույների տեսակավորումից:

Նման տեսակավորման համար սկզբում հարկավոր է վերցնել միանման առարկաներ՝ տարբեր գույներով: Վերցրե՛ք  3 գավաթ՝ մեկը՝ կարմիր, մյուսը՝ կապույտ, երրորդը՝ դեղին, նույնպիսի գույներով ստվարաթղթե շրջաններ  / օրինակ՝ յուրաքանչյուր գույնից 5 շրջան/: Ցույց տվե՛ք երեխային՝ ինչպես եք տեղադրում դեղին շրջանը դեղին գավաթի վրա, կարմիրը՝ կարմիրին, իսկ կապույտը՝ կապույտին: Երեխային առաջարկեք, որ ինքը շարունակի: Ապա դուք կարող եք առաջարկել ըստ գույնի ավելի բարդ տեսակավորում՝ տարբեր ձևերի առարկաներով և ուրիշ այլ հետաքրքիր տեսակավորումներ՝ ընդգրկելով նաև մոտորիկայի վարժություններ / օրինակ՝ տեսակավորել 3 գույնի կոճակները  3 բանկայի կամ  արկղի անցքերի մեջ/:

Երբ տեսակավորման օգնությամբ համոզվեք, որ երեխան լավ տարբերակում է գույները,կարող եք անցնել անվանումներին՝ Մոնտեսորիի եռաստիճան դասի օգնությամբ: Դրա համար ձեզ հարկավոր են գունավոր աղյուսակներ կամ գունավոր քառակուսիներ ՝ սպիտակ եզրագծերով: Ցույց տվեք երեխային նրա համար անծանոթ երեք գույներով քառակուսիներ:

1-ին աստիճան՝ դուք ասում և ցույց եք տալիս. « Սա կարմիր է, սա կապույտ է, սա դեղին է»:

2-րդ աստիճան՝ դուք հարցնում եք. « Ո՞ւր է կարմիրը, ո՞ւր է դեղինը»:

3-րդ աստիճան՝ / սրան անցնում եք միայն այն ժամանակ, երբ  երեխան սխալներ թույլ չի տալիս 2-րդ աստիճանում և երբ կարող է ասել գույների գոնե մի մասը/  դուք հարցնում եք. « Սա ո՞ր գույնն է, իսկ սա՞»:

Աստիճանաբար ավելացնել ավելի ու ավելի նոր գույներ, սակայն դասի ժամանակ առաջարկել միշտ միաժամանակ 3 գույն: Երբ երեխան արդեն գիտի որոշ գույներ, կարելի է խաղալ այնպիսի խաղեր, որպեսզի արդյունքն ամրապնդվի:

  1. Երեխային առաջարկեք սենյակում գտնել այնպիսի գույնի առարկաներ, որը նա ընտրել է աղյուսակում /դա նույնիսկ կարելի է անել մինչև գույների անվանումները սովորելը/:
  2. Առաջարկեք գտնել հանձնարարված գույնի առարկաներ:
  3. Առաջարկեք միևնույն գույնի տարբեր նյութերից պատկերներ ստանալ / օրինակ՝ օգտագործել սպիտակ բամբակ, սպիտակ կավ, սպիտակ ներկ/:
  4. Մի սեղանի վրա դրեք ամեն գույնից մեկական աղյուսակ, իսկ միևնույն գույների աղյուսակների զույգերը այնպիսի հեռավորության վրա լինեն, որ չերևան: Այնուհետև երեխային ցույց տվեք աղյուսակներից որևիցե մեկն ու խնդրեք, որ գտնի մյուս սեղանին դրված նույն գույնի աղյուսակը :
  5. Առաջարկեք, ըստ օրինակի, կապել գունավոր գնդիկներ:
  6. Հատակին տարբեր գույների թելերով կամ ժապավեններով շրջաններ ստեղծեք: Երեխային առաջարկեք իրեն շրջապատից որքան հնարավոր է հավաքել շրջանակի գույնին համապատասխան շատ առարկաներ:
  7. 4-5 տարեկանից հետո երեխաներին կարելի է ցույց տալ՝ ինչպես են խառնվում գույները: Վերցրեք ներկերն ու խառնեք գույները ներկապնակի կամ ուղղակի թղթի վրա:
  8. Շատ ուրախ շարժողական խաղ, որը կարելի է խաղալ մի քանի երեխայի հետ՝ գույների անվանումները մտապահելու համար: Հատակին գունավոր թելերով կամ ժապավեններով շրջաններ ստեղծեք / ամռանը կարելի է գունավոր կավիճներով նկարել ասֆալտին/ , միացրեք երաժշտություն և պարեք երեխաների հետ: Երբ անջատեք երաժշտությունը, անվանեք գույնը, և երեխաները հնարավորինս արագ պետք է կանգնեն համապատասխան գույնի շրջանի մեջ:
  9. Եվս մի շարժողական խաղ՝ նախատեսված մի քանի երեխաների համար՝ ամեն երեխայի ձեռքին տվեք մի գույնի աղյուսակ, հետո հրահանգե՛ք « Դեղի՛ն, ձեռքերդ վե՛ր, կանա՛չ, արի՛ ինձ մոտ, կարմի՛ր, սեղմի՛ր կանաչի ձեռքը»: Այս խաղը սովորաբար շատ են սիրում երեխաները, այն լավ զարգացնում է նաև ուշադրությունը:

Աղբյուր՝ http://www.mchildren.ru

Թարգմանությունը՝ Աննա Օհանյանի