Լսողության խնդիրներ ունեցող մարդիկ ապրում են զգայական հարուստ աշխարհում, որտեղ տեսողությունն ու շոշափումը միջավայրը ճանաչելու հիմնական միջոցներն են: Շատերը ժեստերի լեզուն, վիզուալ-կինետիկ մեթոդները կիրառում են որպես հաղորդակցության ձև: Միջավայրը, որ հիմնականում ստեղծվել և ստեղծվում է լսողության խնդիրներ չունեցող մարդկանց համար և նրանց կողմից, մարտահրավերներ է ստեղծում լսողության խնդիրներ ունեցող անձանց համար, ովքեր երբեմն վերափոխում են այն միջավայրը, որտեղ ապրում են:
Երբ լսողության խնդիրներ ունեցող մարդիկ հավաքվում են, սովորաբար միասին են վերադասավորում կահավորանքը՝ վիզուալ հաղորդակցության համար հարմար միջավայր ստեղծելու համար: Հանդիպումները հաճախ սկսվում են լույսի ու ստվերի կարգավորմամբ, որպեսզի հնարավորինս իրականացվի տեսողական հաղորդակցումը, նվազեցվի աչքերի լարումը: Լսողության խնդիրներ ունեցող մարդիկ իրեն տներում երբեմն նոր պատուհաններ են ավելացնում, պատերին հայելիներ ու լույսեր կախում:
Այս գործնական քայլերը լսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար անհրաժեշտ միջավայր ստեղծելու գործնական քայլեր են, որոնք սակայն միայն վերջերս են ճանաչվել որպես մատչելի միջավայր ապահովող ճարտարապետական նորմեր: Այս գաղափարներն իր մեջ ամբողջացնում է Deaf Space («Խուլ տարածություն») նախագիծը:

«The DeafSpace Project»-ի մասին

2005 թվականին ճարտարապետ Հանսել Բաումանը Գալլաոդեթի համալսարանի Ամերիկյան ժեստերի լեզվի և լսողության խնդիրների ուսումնասիրության ֆակուլտետի հետ ստեղծեց «DeafSpace» նախագիծը: Հետագա հինգ տարիների ընթացքում թիմը ստեղծեց լսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար համընդհանուր դիզայնի չափանիշներին համապատասխան միջավայր ապահովող 150 ուղեցույց, որոնք ներառում են 5 կարևոր նախապայմաններ` տարածություն և մերձավորություն, զգայական հասանելիություն, շարժունակություն և մերձավորություն, լույս և գույն և, ի վերջո, ակուստիկա։ Հնգյակի ընդհանրությունը հաղորդակցության համար հարմարավետ ու անվտանգ միջավայրի ստեղծման գաղափարն է:
DeafSpace
Զգայական հասանելիություն

Տարածական կողմնորոշումն ու միջավայրի մասին իրազեկվածությունը կարևոր նախապայմաններ են կեցության համար: Լսողության խնդիրներ ունեցող մարդիկ շրջակայքում տեղի ունեցող գործողությունները կարդում են զգայական ու տեսողական այնպիսի նշաններով, ինչպիսիք են ստվերների շարժումը, թրթիռները, մարդկանց շարժումը/տեղափոխությունն իրենց շուրջը, որը ոչ միշտ է ակնհայտ: Մատչելի միջավայրի մի շարք բաղադրիչներ նախագծվում են տարածական կողմնորոշումը հեշտացնելու, իրազեկության մակարդակը բարձրացնելու համար:

Տարածություն և մերձավորություն

Ազատ հաղորդակցական միջավայր ապահովելու համար զրուցակիցները միմյանցից հեռավորության այնպիսի սահման են պահպանում, որը հնարավորություն կտա պարզ տեսնելու դիմացինի դեմքը, նշաններն ու արտահայտությունները` ամբողջական ծավալով: Այն կարող է ընդգրկել ավելի շատ տարածություն, քան կպահանջվի խոսքային շփման համար:

Ու երբ զրուցակիցների խումբը մեծանում է, մեծանում է նաև մարդկանց միջև տարածությունը, որը պետք է բոլորին վիզուալ հաղորդակցման հնարավորություն տա։ Այս պայմանը հատկապես ընդգծում է մարդկանց միջև ընկած տարածական հարթությունը, որն ուղղակիորեն ազդում է կահավորանքի և շինարարական տարածությունների վրա:

Մատչելիություն

Ազատ տեղաշարժ և շարժունակություն

Միաժամանակ քայլելիս և զրուցելիս լսողության խնդիրներ ունեցող մարդիկ ավելի լայն տարածության կարիք են ունենում` հաշվի առնելով հնարավոր շրջադարձերը, դիրքի փոփոխությունն ու նշանների հստակ տեսանելիության նախապայմանը: Զրուցակիցները նաև ստիպված են լինում շեղել հայացքները` խուսափելով խոչընդոտներից ու պահպանելով ճիշտ ուղղությունը: Պատշաճ մատչելիության դեպքում խմբից մեկը զգում է վտանգն ու նշաններով տեղեկացնում մյուսներին: Սահուն շրջադարձեր ապահովող դիզայնը հնարավորություն է տալիս լսողության խնդիրներ ունեցող մարդկանց շարժվել ու հաղորդակցվել առանց ընդհատումների:

Լույս և գույն

Թույլ լուսավորությունը` ստվերները, շողարձակումն ու թիկունքային լուսավորությունը, խոչընդոտում են լսողության խնդիրներ ունեցող մարդկանց հարղորդակցությունը, հանդիսանում աչքի լարվածության պատճառներից մեկը և կարող են հանգեցնել միմյանց հետ տեսողական կապի խզման ու ֆիզիկական հյուծման: Համապատասխան էլեկտրական լուսավորությունն ու ճարտարապետական լուծումները կարող են կարգավորել ցերեկային լույսի տարածումը, որը ներդաշնակ կլինի լսողության խնդիրներ ունեցող մարդկանց աչքերին:
Գունային լուծումները կարող են հակադրություն ստեղծել մարմնի ու ժեստերի միջև` հեշտացնելով ընկալումն ու կողմնորոշումը:

Ակուստիկա

Մարդկանց լսողության խնդիրները տարբեր են: Շատերը աջակցող սարքեր են կիրառում ` ձայնն ավելի բարձր ու պարզ լսելու համար: Անկախ լսողության խնդրի աստիճանից, շատ մարդիկ կարողանում են զգալ ձայները, որը կարող է խանգարող հանգամանք լինել հաղորդակցության ընթացքում: Իրերից առաջացող ձայնային ալիքները արձագանք են ստեղծում, որը ոչ միայն շեղում է ուշադրությունը, այլև կարող է ցավեր առաջացնել աջակցող սարքերից օգտվող մարդկանց մոտ: Շինությունները պետք է այնպես կառուցվեն, որ ապահովեն անհրաժեշտ տարածությունն ու հնարավորինս նվազեցնեն ֆոնային արձագանքներն ու աղմուկը:

Աղբյուր՝ http://disabilityinfo.am