«Ռ» հնչյունը համարվում է բազմաթրթիռ հնչյուն: Այն կարող է բացակայել / ռոտացիզմ/, փոխարինվել այլ հնչյունով / պարառոտացիզմ/ կամ արտասանվել աղավաղված:

«Ռ» հնչյունի բացակայության կամ սխալ արտաբերման պատճառ կարող են լինել.

  • Լեզվի կարճ սանձիկը:
  • Լեզվի մկանների թուլությունը:
  • Լեզվով նպատակաուղղված շարժումներ կատարելու անկարողությունը:
  • Հնչյունահնչույթային լսողության խանգարումը:

«Ռ» հնչյունն արտասանելու համար նախապատրաստող վարժություններ

  • Բերանը բաց  լեզուն հանել դուրս և մաքրել վերին շուրթը՝ լեզուն ուղղելով բերանի մի անկյունից մյուսը:
  • Բերանը լայն բացել, լեզուն բերանի մեջ բարձրացնել վերև-ներքև , լեզվի ծայրով կատարել մաքրող շարժումներ:
  • Լեզուն շարժել վերին կտրիչների մոտից դեպի փափուկ քիմք և հակառակը:
  • Լեզուն ճտճտացնել, միայն հետևել, որ աշխատի լեզուն, իսկ ստորին ծնոտը չշարժվի:
  • Լեզվով մաքրել վերին կտրիչների հետևի մասը՝ շարժելով աջ-ձախ:
  • Լեզվի ծայրը փոքր-ինչ դուրս հանել և փչել դանդաղ և երկարատև:
  • Լեզվի ծայրին դնել երկար թղթե շերտիկ և փչել վրան:
  • Լեզուն պահել վերին կտրիչների հետևում և օդի հոսքով արտաբերել հըըրրր ՝ հնարավորինս երկարատև՜ ստանալով մոտավոր թրթիռ  լեզվի ծայրամասային հատվածում:
  • Երկարատև և դանդաղ տեմպով փչել վառվող մոմի վրա այնպես, որ այն չհանգչի:

Պարբերաբար վարժությունները կատարելիս` լեզուն դառնում է առավել ճկուն և հնարավոր է նմանակմամբ ստանալ  այն: Վարժությունները կատարել ամեն օր, ցանկալի է հայելու դիմաց ՝ 10 րոպե տևողությամբ: