Կրթահամալիրում ունենք սովորողներ, որոնց ձեռքի նուրբ շարժումները ինչ- ինչ պատճառներով ոչ լիարժեք են, ուստի և բախվում են մի շարք դժվարությունների ուսումնական գործընթացում՝ գրելիս, նկարելիս, տեխնոլոգիական աշխատանքներ կատարելիս և այլն։
Եթե այլ ուսումնական հաստատություններում սովորողը պետք է այնքան չարչարվի մինչև կարողանա գրիչ բռնել և գրել համապատասխան չափի տառեր կամ թվեր, ապա Կրթահամալիրում այդ խնդիրը վաղուց հաղթահարված է։
Շուրջ մեկ տարի է իրականացնում եմ «Նոութբուքը՝ զարգացնող միջոց» նախագիծը, որի արդյունքում հատուկ կարիքով սովորողները ոչ միայն հաղթահարեցին գրավոր խոսքին տիրապետելու, նկարելու կարողությունների դժվարությունները, նաև զարգացրեցին դրանք։
Շատերի մոտ դեռևս կան այնպիսի կարծրատիպեր, որ զարգացման տարբեր խնդիրներով սովորողի համար թվային միջոցը ոչ միայն հասու չէ, այլև անիմաստ է ուսումնառության մեջ կիրառել։ Փորձը ցույց տվեց, որ նոութբուքի կիրառումը կարող է ոչ միայն թեթևացնել ունեցած խնդիրը , այլև օգնել լիարժեք կազմակերպել ուսումնառության գործընթացը և ներառումը։
Զարգացման խնդրով սովորողի հետ նոութբուքի կիրառման արդյունավետ փորձս սկսել եմ իրականացնել դեռևս 2014 թվականից, երբ ինքս էլ չէի սպասում նմանօրինակ հաջողության՝ գրեթե խոսքին չտիրապետող, մոտորիկայի և շփվելու դժվարություններով, վարքային և հուզական անկայունություն ունեցող սովորողը ընդամենը մեկ երկու պարապմունքից հետո լիարժեք տիրապետեց ստեղնաշարին, իսկ ավելի ուշ՝ կարողացավ մուտքագրել ամբողջական նախադասություններ։
Հյուսիսային դպրոցի սովորողներից Գ․ -ն ունի հուզական անկայունություն և շփման դժվարություններ, հենց ուսումնառության սկզբից Գ․ -ն կտրականապես մերժեց ներգրավվել այնպիսի գործունեությունների մեջ, որոնց ժամանակ պահանջվում է կիրառել մատիտ, վրձին, թուղթ և այլն։ Որոշեցինք դրանք արագ փոխարինել նոութբուքով, սկսեցինք աշխատել Paint նկարչական ծրագրով՝ միաժամանակ օգտագործելով նկարելու և մուտքագրելու հնարավորությունները։
Նույն դպրոցի սովորող Կ․—ն ունի հենաշարժական խնդիրներ՝ դժվարանում է լիարժեք շարժել դաստակը, մատները։ Կ-ն տառաքարտերի միջոցով ճանաչում էր բոլոր տառերը, սակայն գրելու և ընթերցելու դժվարություններ ուներ։ Ձեռքբերելով անհատական նոութբուք՝ սովորողը հաճույքով սկսեց կիրառել, տիրապետել ստեղնաշարին, այնուհետև քայլ առ քայլ սկսեցինք հաղթահարել գրի և ընթերցանության դժվարությունները։
Ս․-ն ևս ունի հենաշարժական խնդիր՝ հարկադրաբար օգտագործում է միայն ձախ ձեռքը՝ լինելով աջլիկ։ Խնդիրը ավելի հեշտ հաղթահարելի դարձավ, երբ ուսումնառության ընթացքում ակտիվ կիրառեցինք նոութբուք, որի ընթացքում սովորողին էապես հեշտացրեց տիրապետել գրին և ընթերցանությանը։
Մուտքագրում ենք բառեր, նախադասություններ։
Արևմտյան դպրոցի սովորող Լ․-ն ունի մտավոր խնդիրներ, ինչպես նաև մանր մոտորիկայի, ուշադրության կենտրոնացման դժվարություններ։ Նոութբուքի կիրառումը դասարանում թույլ տվեց ավելի երկարատև կենտրոնացնել ուշադրությունը, նկարելու ընթացքում սովորեցինք կիրառել նկարչական որոշ գործիքներ, նկարը ավելի հաճույքով սկսեց պատմել՝ համեմատաբար երկարատև կենտրոնացնելով ուշադրությունը, ինչպես նաև ձեռքբերելով թեմային համապատասխան բառապաշար։
Աշխատանքում հաջողություններ ունենալու համար պակաս կարևոր չէ դասավանդողի, ծնողի և ուղեկցողի հետ համագործակցումը` ժամանակ առ ժամանակ փորձի փոխանցումը, կիրառման հնարավորությունների գնահատումը ուսումնառության ժամանակ, դերը ներառման ապահովման մեջ, սովորողի մեծ ու փոքր հաջողություններով կիսվելը…
Աշխատանքները շարունակական են, զարգացող և ոգևորող։
Կարծում եմ ՝ հաջողած փորձս կոգևորի և հավատ կներշնչի թե՛ Կրթահամալիրի ներսում, թե՛ դրա սահմաններից դուրս։