Ե՞րբ անհանգստանալ, ի՞նչ քայլեր ձեռնարկել, դիմե՞լ մասնագետի այդ տարիքում, թե՞ ոչ: Այս հիմնական հարցերն են, որոնք  հուզում են ծնողին, երբ երեխայի մոտ նկատում է ինչ որ  խոսքային խնդիր:

2-5 տարեկան երեխայի մոտ, առավել հաճախ, կարող են դիտվել հետևյալ խոսքային խնդիրները.

  • Խոսքի ուշացում

Մոտավորապես մեկ տարեկանում նորմալ զարգացող երեխաների մեծ մասն սկսում է արտասանել առաջին բառերը, սակայն երեխաներն այս հարցում ունեն անհատական բավականին մեծ տարբերություններ: Որոշ երեխաներ կարող են ակտիվ խոսքի փուլին անցնել 2 տարեկանում կամ ավելի ուշ: Այսինքն ` նրանց պասիվ խոսքի փուլը միջինից ավելի երկար է տևում, նույնիսկ մինչև 3 տարեկան:

Եթե երեխան արդեն 3 տարեկան է և խոսքը հապաղում է, նախևառաջ պետք է համոզված լինել, որ.

  • չունի լսողական խնդիր, այսինքն` ստուգել լսողությունը:
  • չունի ընկալման խնդիր, այսինքն` ընկալում և կատարում է պարզ հրահանգներ / օրինակ` գնդակը գցի’ր, կոշիկները բե’ր, դուռը փակի’ր և այլն/:
  • Վերարտադրում է որոշ պարզ բառեր / մամա, պապա, տուր, արի և այլն/ կամ վանկեր:
  • Արտաբերած բառերի, վանկերի / որոնք երեխայի համար բառային իմաստ են ունենում/ թիվը գնալով ավելանում է ` համեմատելով նախորդ ամսվա բառերի, վանկերի քանակի հետ:
  • Խոսքի հետզարգացում տեղի չի ունենում, այսինքն` նախկինում արտաբերած բառերն ու վանկերը սկսում է այլևս չասել:

Եթե նշված  կետերից գոնե մեկի հետ կապված ունեք կասկած, ապա անպայման պետք է դիմել մասնագետի: Եթե չկան նշված խնդիրները, ուրեմն երեխայի համար նախևառաջ պետք է ստեղծել դրական խոսքային միջավայր` շատ ժամանակ հատկացնել համատեղ խաղին, երեխայի ներկայությամբ չքննարկել մտահոգող խնդիրը, ավելորդ չկենտրոնանալ նրա խոսքի վրա, չստիպել երեխային կրկնել այս կամ այն բառը, ապահովել շփումը հասակիցների հետ, նոր բառ արտասանելիս խրախուսել, անկախ նրանից , թե որքանով հստակ կարողացավ այն ասել և այլն:

  • Արտասանական խնդիրներ, որոնք լինում են բազմազան ու բազմաբնույթ:

Առավել հաճախ հանդիպող արտասանական խնդիրներից են.

  • Միջատամնային արտաբերությունը, երբ խոսելիս երեխան լեզուն պահում է ատամների արանքում:
  • Սուլական հնչյունների / ս, զ, ձ, ծ, ց/ փոխարինումը շչականով / շ, ժ, ջ, ճ, չ/ կամ հակառակը: Օրինակ` սիրուն-շիրուն, զատիկ-ժատիկ կամ` շուն-սուն, ջուր-ձուր և այլն:
  • Ետնալեզվային հնչյունների / գ, կ, ք/ փոխարինումը առաջնալեզվային հնչյուններով / դ, տ, թ/: Օրինակ` կատու- տատու, գիրք-դիրթ և այլն:
  • Բազմաթրթիռ “ռ” հնչյունի փոխարինումը լ, ր, յ, ղ հնչյուններով: Օրինակ` Ռուբեն- Րուբեն, Յուբեն կամ Ղուբեն:
  • Լ հնչյունի փոխարինումը ր-ով, յ-ով կամ հակառակը: Օրինակ` լուսին-րուսին, յուսին, կամ` արի-ալի, այի և այլն:

Կախված նրանից , թե երեխայի մոտ հատկապես, որ հնչյունն է փոխարինվում, աղավաղվում կամ բացակայում, կարելի է արտաբերական մկաններն ակտիվացնող, ինչպես նաև շնչառական ու ձայնային, հնչունային ռիթմիկ վարժություններ կատարել` օգնելով նրան առավել շուտ հաղթահարել խնդիրը: Բացի այդ, շատ կարևոր է, որ երեխայի շրջապատող մարդիկ չխոսեն նրա իսկ «լեզվով», քանի որ այդ դեպքում երեխան հնարավորություն չի ունենում համեմատել սեփական խոսքը դիմացինի խոսքի հետ և ինքնակարգավորել, ինքնաշտկել այն:  Եթե վերը նշված խնդիրները ինքնակարգավորմամբ և օգնող խաղ- վարժությունների միջոցով  չեն շտկվում մինչև 4-5 տարեկանը, ապա անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնությանը:

Այս տարիքային խմբում հաճախ հանդիպող խոսքային խնդիր է համարվում նաև կակազությունը: Այն հաճախ կրում է ժառանգական բնույթ, սակայն կան բարենպաստ գործոններ, որոնք նպաստում են դրա դրսևորվելուն:

  • Չափից շատ խոսքային ծանրաբեռնումը` հատկապես խոսքի կրիտիկական փուլերում : Ծնողները հաճախ ոգևորվում են, երբ երեխան սկսում է արդեն 1,5 տարեկանում հստակ խոսել և սկսում են երեխային բազմաթիվ երկարաշունչ ոտանավորներ ու հեքիաթներ սովորեցնել, որի արդյունքում երեխայի մոտ սկսում է ի հայտ գալ կակազություն:
  • Վախենալու կերպարներ պարունակող մուլտֆիլմերը, խաղերը , հեքիաթները, մտացածին կերպարները :
  • Նյարդային համակարգը գրգռող, արհեստական սնունդը:
  • Երկարատև հիվանդությունները:
  • Ընտանեկան նյարդային , հոգեկան անհանգիստ վիճակը:
  • Կրկնօրինակելով կակազությունը:

Երեխայի մոտ այս կամ այն չափով խնդրի դրսևորվելու դեպքում ծնողը պետք է իմանա խնդրի հետ կապված որոշ նրբություններ` հետագայում բարդությունից խուսափելու համար:  Այնուամենայնիվ, եթե նկատվում է բացասական տեղաշարժ, անհապաղ պետք է դիմել մասնագետի:

Առհասարակ, ցանկացած խնդիր շտկելու համար, շատ կարևոր է ծնողի համագործակցությունը մասնագետի հետ, ծնողի անաչառ գնահատանքն ու վերաբերմունքը երեխայի խնդրին, որոնց  դեպքում շտկողական աշխատանքի արդյունավետությունն ու խնդրի առավել արագ հաղթահարումն անխուսափելի է:

Լոգոպեդ` Աննա Օհանյան